Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանից իրականացված արտահանման ավելացումը փետրվարին պայմանավորված էր հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանման եռակի աճով․ ՀԲ

Այսօր, 10:55
Լրացուցիչ աճ է արձանագրվել պատրաստի սննդամթերքի հատվածում (19%), մինչդեռ բուսական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է 32,2%-ով
Հայաստանից իրականացված արտահանման ավելացումը փետրվարին պայմանավորված էր հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանման եռակի աճով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Փետրվարին Հայաստանում արտահանման աճը հունվարյան անկումից հետո կազմել է 37,6%, ինչը հիմնականում պայմանավորված էր հանքարդյունաբերության ոլորտի արտադրանքի արտահանման եռակի աճով, նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – April 2026» զեկույցում։

«Ընդ որում, աճի երկու երրորդը բացատրվում է մետաղների բարձր գներով, ինչն ուղեկցվել է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման 49% աճով», - նշվում է հետազոտության մեջ։

Նշվում է նաև, որ լրացուցիչ աճ է արձանագրվել պատրաստի սննդամթերքի հատվածում (19%), մինչդեռ բուսական ծագման արտադրանքի արտահանումը նվազել է 32,2%-ով։

Հունվարյան անկումից հետո փետրվարին ներմուծման 26,9% աճը գրանցվել է հիմնականում տրանսպորտային միջոցների (75,6% աճ), մեքենաների և սարքավորումների (25,3% աճ) և պատրաստի սննդամթերքի (68,3% աճ) ներկրման հաշվին։

«Հունվար-փետրվարին համախառն արտահանումը և ներմուծումն աճել են համապատասխանաբար 12,6%-ով և 7,3%-ով, ինչի արդյունքում տարեկան կտրվածքով առևտրային դեֆիցիտը չի փոխվել։ Արտահանումը դեպի Ռուսաստան աճել է 5,2%-ով (ընդհանուր ծավալի 35,1%-ը), իսկ դեպի Չինաստան՝ 3,7 անգամ (ընդհանուր ծավալի 13,6%-ը)։ Արտահանումը դեպի ԱՄԷ տարեկան կտրվածքով նվազել է 36,6%-ով՝ կապված ոսկու վերաարտահանման հետևանքով ստեղծված բարձր բազայի հետ», - նշում են ՀԲ վերլուծաբանները։

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի փետրվարին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 1,8 մլրդ դոլար՝ 2025 թվականի փետրվարի համեմատ աճելով 30,8%-ով, ընդ որում՝ արտահանումը կազմել է 690,2 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 1081,6 մլն դոլար։