Ավելին, քան բրոքեր․ ինչպես է Հայաստանում ձևավորվում կապիտալի կառավարման մշակույթը․ հարցազրույց Wilco ընկերության գործադիր տնօրենի տեղակալի հետ
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի․ /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկան մտնում է զարգացման նոր փուլ, որտեղ գնալով ավելի մեծ դեր են խաղում ոչ միայն կառավարվող ակտիվների ծավալները և հաճախորդների քանակը, այլև վստահությունը, երկարաժամկետ ֆինանսական պլանավորման մշակույթը և երկրի՝ միջազգային կապիտալ ներգրավելու ու պահպանելու կարողությունը։
Այն մասին, թե ինչպիսի փոփոխությունների կարող է ենթարկվել Հայաստանի ներդրումային միջավայրը մինչև 2030 թվականը, ինչպես նաև, թե ինչպես դասական բրոքերային ծառայությունը կարող է դառնալ ավելի համալիր ֆինանսական ծառայությունների հիմք, «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը տրված հարցազրույցում խոսել է Wilco կապիտալի կառավարման ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Օլգա Օմելչենկոն։
«ԱՌԿԱ»․ Ավանդաբար շուկայի զարգացումը գնահատվում է թվերով՝ հաշիվների քանակով կամ կառավարվող ակտիվների ծավալով։ Ձեր կարծիքով՝ ո՞ր ցուցանիշն է այսօր իսկապես արտացոլում Հայաստանի ֆինանսական ոլորտի իրական վերափոխումը։
Օ. Օմելչենկո․ Աճի կարևոր ցուցանիշ է հանդիսանում դինամիկայի առկայությունը։ Դուք արդեն նշեցիք մի շարք կարևոր ցուցանիշներ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է շուկան գնում դեպի համակարգային զարգացում։ Նոր ինստիտուցիոնալ խաղացողների ի հայտ գալն ու հավակնոտ ներդրումային նախագծերը վկայում են այն մասին, որ Հայաստանը դառնում է նկատելի կետ համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա։
Անշուշտ, «փողը գնում է փողի հետևից»։ Երբ որևէ յուրիսդիկցիայում ձևավորվում է կառավարվող ակտիվների էական ծավալ, դա բարձրացնում է միջազգային ներդրողների վստահությունը։
Սակայն թվերը միայն այսբերգի գագաթն են։ Ինձ համար զարգացման գլխավոր ցուցանիշներից է մտածելակերպի փոփոխությունը՝ այն, թե ինչպես են հասարակությունում ընկալվում փողն ու բարեկեցությունը։ Եվ վերջին տարիներին այդ մասով նկատում ենք էական փոփոխություն։
«ԱՌԿԱ»․ Մենք հաճախ խոսում ենք ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման անհրաժեշտության մասին։ Բայց արդյո՞ք միայն գիտելիքը բավարար է, որպեսզի բրոքերային և կապիտալին առնչվող ծառայությունները դառնան իսկապես զանգվածային։
Օ. Օմելչենկո․ Ֆինանսական գրագիտությունը կայուն հասարակության հիմքն է, և պետք է արժանին մատուցել թե՛ Հայաստանի, թե՛ մասնավոր հատվածի ընկերությունների կողմից իրականացվող ջանքերին՝ երկրի ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Գրագիտությունը հիմքն է, սակայն նպատակը կապիտալի նկատմամբ ռազմավարական մոտեցումն է։
Մենք տեսնում ենք, որ այսօր ներդրումների նկատմամբ վերաբերմունքը դեռ բավական զգուշավոր է, և շատերը գերադասում են շահույթը վերաներդնել իրենց գործող բիզնեսում կամ անշարժ գույքում՝ խուսափելով երկարաժամկետ ֆինանսական գործիքներից։
Պետք է ձևավորվի ընկալում, որ ներդրումները ընտանիքի կապիտալի դիվերսիֆիկացման և պաշտպանության գործիք են։ Որքան ավելի շատ մարդիկ իմանան և հասկանան ներդրումային գործիքների բազմազանությունն ու ռիսկերի կառավարման մեթոդները, այնքան արագ կզարգանա շուկան, և բրոքերիջը կվերաճի կապիտալի գիտակցված կառավարման։
«ԱՌԿԱ»․ Ձեր գնահատմամբ՝ ո՞ր հատվածը կդառնա առաջիկա տարիներին աճի հիմնական շարժիչը՝ բանկային բրոքերիջը, անկախ ներդրումային ընկերությունները, թե միջազգային հարթակները։
Օ. Օմելչենկո․ Ես տեսնում եմ սիներգիա mass affluent սեգմենտի (համեմատաբար ապահովված մասնավոր հաճախորդներ, որոնց ներդրումային ակտիվները միջինից բարձր են, բայց չեն դասվում բարձր զուտ կարողություն ունեցող անհատների սեգմենտին) և ներդրումային ընկերությունների միջև։ Այս միջին հատվածն այսօր Հայաստանում զգալիորեն թերգնահատված է։
Բանկերում հաճախ առաջնահերթությունը օպերացիոն սպասարկումն է, մինչդեռ ներդրումային բիզնեսում կամ Wealth Management-ում շեշտը դրվում է համալիր լուծումների վրա՝ ավելի նեղ լսարանի համար։ Եթե այս սպասումները ճիշտ համադրվեն, միջին սեգմենտը կարող է գրանցել զգալի աճ։
Միջազգային շուկան նույնպես չէի բացառի որպես աճի հնարավորություն։ Այսօր Հայաստանը ընկալվում է որպես «լուռ նավահանգիստ», և սա եզակի շանս է։ Մենք պետք է օգտագործենք գլոբալ շուկաների համար մեր բաց լինելը՝ որպես տարածաշրջանային կապիտալի հաբ դառնալու հնարավորություն, և Wilco-ն ակտիվ մասնակցություն կունենա այս գործում։
«ԱՌԿԱ»․ Այսօր ինչպե՞ս է հաճախորդը ընտրում գործընկերին։ Որոշիչ են միջնորդավճարնե՞րը, հարմար հավելվածը, թե՞ այլ գործոններ։
Օ. Օմելչենկո․ Լայն լսարանի համար նախատեսված լուծումների ու ծառայությունների դեպքում կարևոր են միջնորդավճարներն ու ինտերֆեյսը։ Սակայն մեր սեգմենտում՝ խոշոր կապիտալի կառավարման ոլորտում, առաջնային են վստահությունն ու կոնֆիդենցիալությունը։ Հայաստանում ֆինանսական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը չափազանց զգայուն թեմա է։ Հաճախորդը պատրաստ է վճարել ոչ թե շուկաներին հասանելիության համար, քանի որ այն այսօր շատերի մոտ կա, այլ փորձագիտական մոտեցման, անվտանգության և իր ժամանակի արժեքը հարգելու համար։ Մենք մեր բրենդը կառուցում ենք զգայուն տեղեկատվության հետ աշխատելու ունակության վրա։ Գործընթացների թափանցիկությունն ու անբասիր հեղինակությունը այն են, ինչը սովորական «բրոքերին» վերֆածում է վստահված խորհրդատուի։
«ԱՌԿԱ»․ Ինչպիսի՞ն եք պատկերացնում Հայաստանի բրոքերային շուկան 2030 թվականին՝ պարտատոմսերի շու՞կա, խառը լուծումների շու՞կա, թե՞ տեղական և գլոբալ ներդրումների ամբողջական էկոհամակարգ։
Օ. Օմելչենկո․ Ես հավատում եմ, որ Հայաստանը կդառնա ավելի տեսանելի յուրիսդիկցիա համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա։ Արդեն այսօր երկիրը վստահորեն ամրապնդում է իր ներկայությունն ու գրավում միջազգային ֆինանսական հանրության ուշադրությունը։
Կապիտալի և ներդրումների աշխարհում հաջողության բանալին կանխատեսելի և հասկանալի շուկա լինելն է՝ կայուն յուրիսդիկցիա բարձր ներդրումային վարկանիշով։ Մեր բոլորի ընդհանուր նպատակն է միջազգային ասպարեզում բարձրացնել երկրի իմիջը։
Դրան հասնելու համար կարևոր է պետության և մասնավոր հատվածի միջև երկխոսությունը։ Հայաստանը փոքր երկիր է, և այստեղ կա եզակի հնարավորություն՝ արագ քննարկելու գաղափարները, կայացնելու որոշումներ և կյանքի կոչելու փոփոխությունները։ Այս առավելությունը թույլ է տալիս մեզ շուկան փոխակերպել շատ ավելի արագ, քան խոշոր, բյուրոկրատացված տնտեսություններում։
«ԱՌԿԱ»․ Ինչպե՞ս է Wilco Wealth Management-ի գործունեությունը տեղավորվում այս ռազմավարության մեջ։
Օ. Օմելչենկո․ Մենք աշխատում ենք HNWI (բարձր զուտ կարողություն ունեցող անհատներ) և UHNWI (խիստ բարձր զուտ կարողություն ունեցող անհատներ) սեգմենտում, և մեր դիրքավորումը շատ ավելի լայն է, քան դասական ներդրումային բիզնեսը։ Wealth Management-ը ֆինանսական ծառայությունների զարգացման բնական շարունակությունն է։
Մենք համալիր մոտեցում ենք ցուցաբերում հաճախորդների պահանջներին՝ աշխատելով ոչ միայն կապիտալի, այլև ընտանիքի, երկարաժամկետ նպատակների և ժառանգականության պլանավորման հարցերի հետ։ Գործընկերային ցանցի շնորհիվ մենք օրինակ ապահովում ենք հասանելիություն lifestyle ծառայություններին, կոնսիերժ-սպասարկմանը և լավագույն բժշկական կենտրոններին։
Այս ամենը մեզ թույլ է տալիս աջակցել հաճախորդին կյանքի բոլոր ոլորտներում՝ ակտիվների կառավորումից և կապիտալի պաշտպանությանց մինչև կառուցվածքավորում և հարկային խորհրդատվություն։ Մենք ոչ թե պարզապես օգնում ենք պահպանել ու բազմապատկել կապիտալը, այլ ուղեկցում ենք մեր հաճախորդներին՝ կյանքի նպատակներն իրագործելու ճանապարհին։
Մեր ընկերության անվանումը ծագում է ավիացիոն «Will comply» (Կկատարվի) տերմինից։ Մեզ համար սա պարզապես արտահայտություն չէ, այլ մեր առաքելությունն է․ հաճախորդի ապագային առնչվող ցանկացած հանձնարարություն կկատարվի բացարձակ ճշգրտությամբ։
Wilco-ն վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։