Ավտոմատացում և նոր սերնդի նախագծեր․ ինչպես է «Ռենշինը» կառուցում աճի նոր մոդել քաղաքաշինական ներդրումների շուկայում
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ KPMG միջազգային աուդիտից և ակտիվների աճից մինչև 10 մլրդ դրամի պարտատոմսերի առաջին թողարկում. «Ռենշին» ընկերությունը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը՝ որպես Հայաստանի քաղաքաշինական-ներդրումային շուկայի նշանակալի դերակատարներից մեկը: Ընկերությունը շեշտը դնում է թափանցիկության, կայուն ֆինանսական մոդելի և այնպիսի նախագծերի վրա, որոնք, ինչպես այստեղ համարում են, ընդունակ են ոչ միայն եկամուտ բերել, այլև փոխել քաղաքային միջավայրը:
«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում ընկերության ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանն անդրադարձել է այն հարցերին, թե ինչու է կառուցապատողին անհրաժեշտ դուրս գալ կապիտալի շուկա, ինչպես են ընկերությունում բաշխվում առաջնահերթությունները բնակելի, կոմերցիոն և ենթակառուցվածքային ակտիվների միջև, ինչպես նաև, թե որ ուղղություններն է «Ռենշինը» դիտարկում որպես առավել հեռանկարային առաջիկա տարիներին:
«ԱՌԿԱ»․ արդեն հինգերորդ տարին անընդմեջ ընկերության աուդիտն իրականացնում է «Մեծ քառյակում» ընդգրկված KPMG-ն: Ֆինանսական կայունության ո՞ր առանցքային պարամետրերն են հաստատվում աուդիտի ընթացքում, և ի՞նչ է դա նշանակում ներդրողների համար:
Ք․ Չիչյան․ հինգ տարի անընդմեջ «Մեծ քառյակի» մեջ մտնող KPMG ընկերության կողմից իրականացվող աուդիտը հաստատում է մեր ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը: Աուդիտի ընթացքում հաստատվում են այնպիսի առանցքային պարամետրեր, ինչպիսիք են կապիտալի համարժեքությունը, իրացվելիության մակարդակը և ակտիվների որակը: Ներդրողների համար սա նշանակում է ռիսկերի նվազեցում և երաշխիք, որ ընկերությունը գործում է միջազգային թափանցիկ ստանդարտներով:
«ԱՌԿԱ»․ ո՞րն է գործընկերների՝ բանկերի, ինստիտուցիոնալ ներդրողների և անշարժ գույք գնորդների համար ամենամյա միջազգային աուդիտի գործնական արժեքը:
Ք․ Չիչյան․ միջազգային աուդիտը գործնական գործիք է բոլոր շահառուների համար: Բանկերի համար այն նվազեցնում է ռիսկի գնահատականը, ինչը թույլ է տալիս մեզ ներգրավել ֆինանսավորում ավելի մրցունակ պայմաններով։
Ինստիտուցիոնալ ներդրողների համար աա որոշումների կայացման հիմնական նախապայմանն է, որը հաստատում է ընկերության «առողջությունը»։
Գնորդների համար միջազգային աուդիտը փաստում է այն մասին, որ կառուցապատողը կայուն է և չունի ֆինանսական խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել շինարարության կանգին։
«ԱՌԿԱ»․ ընկերության ակտիվները 2025 թվականի վերջի դրությամբ կազմել են 133,5 մլրդ դրամ՝ 2024 թվականի վերջի 102,6 մլրդ դրամի դիմաց: Ո՞ր գործոնների հաշվին է ապահովվել այս դինամիկան, և ինչպե՞ս եք գնահատում այս մոդելի կայունությունը միջնաժամկետ հեռանկարում:
Ք․ Չիչյան․ այս ցուցանիշը մեր որդեգրած երկարաժամկետ ռազմավարության և հաշվարկված ներդրումային քաղաքականության ուղղակի արդյունքն է։ Դինամիկան ապահովվել է կապիտալի արդյունավետ կառավարման և շուկայի հեռանկարային հնարավորությունները ճիշտ օգտագործելու շնորհիվ։ Ինչ վերաբերում է կայունությանը, ապա մեր ֆինանսական մոդելը կառուցված է այնպես, որ նույնիսկ փոփոխվող տնտեսական պայմաններում մենք պահպանում ենք կայուն աճի տեմպերը։
«ԱՌԿԱ»․ ընկերությունն առաջին անգամ թողարկել է 10 մլրդ դրամի պարտատոմսեր: Ինչպե՞ս դա կազդի կապիտալի շուկայի վրա:
Ք․ Չիչյան․ պարտատոմսերի ծրագրի մեկնարկը «Ռենշինի» համար պարզապես հերթական ֆինանսական գործարք չէ: Սա «Ռենշինի» կողմից իրականացված գիտակցված և պատասխանատու քայլ է՝ գործունեություն ծավալելու նաև կապիտալի շուկայի ինստիտուցիոնալ դաշտում: Կապիտալի շուկա դուրս գալը որակական նոր նշաձող է, որը պահանջում է բարձր թափանցիկություն և կառավարման որակ: Նման քայլի դիմում են այն ընկերությունները, որոնք արդեն իսկ հասել են գործունեության որոշակի մասշտաբի և կայունության: Մենք հավատացած ենք, որ այս թողարկումը նոր մշակույթ կբերի մեր շուկա: Նման ֆինանսական գործիքների կիրառումը նպաստում է կապիտալի շուկայի և իրական սեկտորի միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդմանը, որտեղ ներդրումային ռեսուրսներն ուղղվում են իրական ակտիվների ստեղծմանը և երկարաժամկետ տնտեսական արժեքի ձևավորմանը։ Երբ ֆինանսական շուկան ավելի ակտիվ ներգրավվում է քաղաքաշինական նախագծերում, ձևավորվում է ավելի կայուն և համակարգային տնտեսական միջավայր։
«ԱՌԿԱ»․ ո՞ր նախագծերն եք այսօր համարում «Ռենշինի» համար առանցքային, այդ թվում՝ իրականացվող և հեռանկարային ծրագրերը, և ո՞ր չափանիշներով է ընկերությունը որոշում դրանց առաջնահերթությունը:
Ք․ Չիչյան․ մեր բոլոր նախագծերը պարզապես շենքեր կամ համալիրներ չեն. դրանք կենսակերպ թելադրող և տենդենցներ փոխող նորարարական միջավայրեր են։ Մենք ունենք 2025-2030 թթ. համար հաստատված ռազմավարական զարգացման հայեցակարգ, որտեղ հստակ սահմանված են մեր պրոյեկտների դերն ու նշանակությունը։ Մեր պորտֆոլիոն այժմ բազմաբովանդակ է՝ ներառելով բնակելի գոտիներից մինչև խառը օգտագործման (mixed-use) հասարակական տարածքներ, համաշխարհային բիզնես էկոհամակարգից մինչև ինդուստրիալ պարկեր։
Բոլոր նախագծերը հավասարաչափ կարևոր են ըստ իրենց նշանակության և անհրաժեշտության՝ թե՛ սպառողի տեսանկյունից, թե՛ երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ու ներդրումային գրավչության բարձրացման առումով։
Որպես ֆինանսական տնօրեն, ես առանձնացնում եմ 3 հիմնական սկզբունք, որոնցով առաջնորդվում ենք նախագծերի ընտրության և կառավարման հարցում.
Ռազմավարական ազդեցություն (Impact Factor).
Մենք ընտրում ենք այնպիսի նախագծեր, որոնք փոխում են շուկայի կանոնները։ Օրինակ՝ Artlife Kempinski-ն և WTCY-ը ոչ միայն անշարժ գույք են, այլև միջազգային բրենդների (Kempinski, Hyatt) և գործարար կապերի կենտրոններ, որոնք Հայաստանը դնում են համաշխարհային քարտեզի վրա։
Ֆինանսական մուլտիպլիկացիա.
Առաջնահերթ են այն նախագծերը, որոնք ստեղծում են հարակից տնտեսական օգուտներ՝ նոր աշխատատեղեր, զբոսաշրջային հոսքեր և բիզնես ենթակառուցվածքներ։ Սա ապահովում է ներդրումների վերադարձելիության ավելի բարձր և կայուն մակարդակ։
Նորարարություն և տեխնոլոգիաներ.
Մենք նախապատվությունը տալիս ենք այն լուծումներին, որտեղ կարող ենք կիրառել ավտոմատացման, էներգախնայողության և ժամանակակից ճարտարագիտության վերջին ձեռքբերումները։
Այսպիսով, մեր պորտֆելը բալանսավորված է. բնակելի նախագծերն ապահովում են դինամիկ աճ և իրացվելիություն, իսկ բիզնես ու ինդուստրիալ էկոհամակարգերը՝ ընկերության երկարաժամկետ կայունությունն ու երկրի տնտեսական հզորացումը։
«ԱՌԿԱ»․ եթե նայենք այս նախագծերին որպես միասնական պորտֆելի, ինչպե՞ս եք դրանք տարբերակում ըստ ռազմավարական դերի և ներդրումային տրամաբանության. դրանցից որո՞նք են ուղղված երկարաժամկետ աճին, որո՞նք՝ կայուն դրամական հոսքերին, և որո՞նք՝ ավելի լայն քաղաքային և ենթակառուցվածքային ազդեցությանը:
Ք․ Չիչյան․ «Ռենշինի» նախագծերը ֆինանսական կառավարման տեսանկյունից կարող ենք դասակարգել այսպես․
Արագ աճ և կապիտալիզացիա (Growth Assets)․
Այս խմբում են ընթացիկ պրոյեկտների բնակելի հատվածները: Սրանք պրեմիում դասի բնակելի նախագծեր են, որոնց նպատակն է ապահովել ներդրումների բարձր շահութաբերություն և արագ շրջանառություն վաճառքի միջոցով: Սա ընկերության «շարժիչն» է, որը գեներացնում է անհրաժեշտ իրացվելիությունը:
Կայուն դրամական հոսքեր (Yield Assets)․
Սրանք հյուրանոցային և կոմերցիոն տարածքներն են, որոնք մնում են ընկերության հաշվեկշռում և կառավարվում են միջազգային օպերատորների կողմից: Դրանք ապահովում են երկարաժամկետ, կանխատեսելի և կայուն եկամուտ՝ հանդիսանալով մեր ֆինանսական անվտանգության երաշխիքը շուկայական տատանումների ժամանակ:
Ռազմավարական և ենթակառուցվածքային ազդեցություն (Impact Assets)․
Առաջամարտիկը Համաշխարհային առևտրի կենտրոնն է (WTCY) և ինդուստրիալ պարկերը: Սրանք ստեղծում են բիզնես էկոհամակարգեր, որոնք բարձրացնում են թե՛ մեր մյուս ակտիվների արժեքը, թե՛ Հայաստանի ներդրումային վարկանիշը: Սրանք նախագծեր են, որոնք կերտում են ընկերության ինստիտուցիոնալ ժառանգությունը:
«ԱՌԿԱ»․ ի՞նչ դեր է «Ռենշինի» աշխատանքում արդեն իսկ խաղում ավտոմատացումը՝ նախագծման, պլանավորման, փաստաթղթաշրջանառության, ֆինանսական հաշվառման, վաճառքի և ժամկետների վերահսկման գործում:
Ք․ Չիչյան․ ավտոմատացումը «Ռենշինի» համար ոչ թե օժանդակ գործիք է, այլ ընկերության ֆինանսական և գործառնական առողջության հիմքը։ Այն թույլ է տալիս կառավարել մասշտաբային նախագծերը՝ նվազագույնի հասցնելով մարդկային սխալի գործոնը։
Ահա ավտոմատացման դերն՝ ըստ հիմնական ուղղությունների.
Նախագծում և պլանավորում (BIM տեխնոլոգիաներ).
Մենք կիրառում ենք BIM (Building Information Modeling) համակարգեր, որոնք թույլ են տալիս ստեղծել շենքի թվային երկվորյակը։ Սա ավտոմատ կերպով հաշվարկում է անհրաժեշտ նյութերի ծավալը և բացահայտում նախագծային անհամապատասխանությունները դեռ շինարարությունը չսկսած, ինչը կանխում է բյուջեի չնախատեսված աճը։
Փաստաթղթաշրջանառություն և ներքին հսկողություն.
Թվայնացված համակարգերը (EDM) ապահովում են որոշումների կայացման արագությունն ու թափանցիկությունը։ Յուրաքանչյուր պայմանագիր կամ վճարման հայտ անցնում է ավտոմատացված հաստատման շղթայով, ինչը բացառում է «կորած» փաստաթղթերը և կոռուպցիոն ռիսկերը։
Ֆինանսական հաշվառում.
Մենք օգտագործում ենք ժամանակակից համակարգեր, որոնք ինտեգրում են ֆինանսները, գնումները և պահեստը։ Սա թույլ է տալիս իրական ժամանակում տեսնել յուրաքանչյուր նախագծի ինքնարժեքն ու շեղումները բյուջեից։
Վաճառքներ և հաճախորդների սպասարկում (CRM).
CRM համակարգի շնորհիվ մենք ավտոմատացրել ենք վաճառքի ողջ ձագարը՝ առաջին հարցումից մինչև սեփականության վկայականի հանձնում։ Սա ապահովում է սպասարկման բարձր որակ և կանխատեսելի դրամական հոսքեր։
Ժամկետների վերահսկողություն (Project Management).
Շինարարության և կառավարման ժամկետները վերահսկվում են թվային պլան-գրաֆիկների միջոցով։ Ցանկացած ուշացում մեկ օղակում ավտոմատ կերպով ազդարարում է հաջորդ փուլերի վրա՝ թույլ տալով ղեկավարությանը ժամանակին արձագանքել և պահպանել վերջնաժամկետները։
«ԱՌԿԱ»․ կորպորատիվ կառավարման և ներքին վերահսկողության ի՞նչ ստանդարտներ են գործում ընկերությունում այսօր, և ինչպե՞ս են դրանք օգնում կառավարել ռիսկերը, իրականացման որակը և ֆինանսական կարգապահությունը:
Ք․ Չիչյան․ «Ռենշինի» կորպորատիվ կառավարումը հիմնված է ռազմավարական և գործառնական մակարդակների հստակ տարանջատման վրա, որտեղ տնօրենների խորհուրդը վերահսկում է ռիսկերի քաղաքականությունն ու ընդհանուր ուղղվածությունը։ Քանի որ մենք հավակնում ենք միջազգային վարկանիշի ստացմանը, ընկերությունում ներդնում ենք կորպորատիվ կառավարման միջազգային հաջողված մոդելը՝ սկսած կանոնադրական փոփոխություններից մինչև գործառնական ընթացակարգեր։ Ռիսկերի զսպման նպատակով կիրառում ենք վերահսկողության բազմամակարդակ համակարգ, որն ընդգրկում է գործառնական պատասխանատվությունը, համապատասխանության մշտադիտարկումը և ներքին անկախ աուդիտը։ Ֆինանսական կարգապահությունն ապահովվում է բյուջետավորման խիստ մեխանիզմներով և ծախսերի բազմաստիճան հաստատման շղթայով։ Իրականացման որակը երաշխավորվում է ոչ միայն ներքին տեխնիկական հսկողությամբ, այլև Kempinski-ի կամ Hyatt-ի նման գործընկերների գլոբալ չափանիշների պարտադիր պահպանմամբ, ինչը մեզ թույլ է տալիս արդյունավետ կառավարել շուկայական ռիսկերը և ամրապնդել ներդրողների վստահությունը։
«ԱՌԿԱ»․ ի՞նչ է ձեզ համար նշանակում «Ռենշինի» կորպորատիվ մշակույթը գործնականում, ո՞ր սկզբունքներն են օգնում ձևավորել ուժեղ թիմ և պահպանել կայունությունը երկարաժամկետ ու կապիտալատար նախագծերում:
Ք․ Չիչյան․ «Ռենշինի» կորպորատիվ մշակույթը մեր հաջողության հիմնաքարն է, որը թույլ է տալիս արդյունավետ կառավարել կապիտալատար և երկարաժամկետ նախագծերը։ Մեր թիմի ձևավորման հիմքում ընկած է պրոֆեսիոնալիզմի, պատասխանատվության և նորարարության սիներգիան, որտեղ յուրաքանչյուր մասնագետ գիտակցում է իր դերը ընկերության համաշխարհային հեղինակության կերտման գործում։ Մենք առանձնահատուկ կարևորում ենք միջազգային էքսպատների և բարձրակարգ կոնսուլտանտների ներգրավումը, ինչը թույլ է տալիս տեղայնացնել գլոբալ փորձն ու լավագույն ստանդարտները մեր բոլոր նախագծերում։ Միևնույն ժամանակ, ընկերությունը մեծապես ներդնում է թիմակիցների երկարաժամկետ խրախուսման համակարգերում՝ ձևավորելով կայուն և մոտիվացված «ուժեղ կորիզ», որն ունակ է տարիներ շարունակ հետևողականորեն իրականացնել Հայաստանի համար աննախադեպ մասշտաբի և բարդության ծրագրերը։ Այս բաց և թափանցիկ հաղորդակցման միջավայրը, զուգորդված միջազգային փորձի հետ, նվազեցնում է գործառնական ռիսկերը և երաշխավորում մեր ստանձնած բարձր պարտավորությունների կատարումը։
«ԱՌԿԱ» ․ նախագծերի ի՞նչ նոր ուղղությունները կամ ձևաչափերն է ընկերությունը դիտարկում առաջիկա տարիների հորիզոնում, և ինչո՞ւ են հենց դրանք ձեզ հեռանկարային թվում պահանջարկի և ներդրումային ներուժի տեսանկյունից:
Ք․ Չիչյան․ «Ռենշինի» ապագա զարգացման հորիզոնում մենք առաջնորդվում ենք տնօրենների խորհրդի կողմից հաստատված ռազմավարական հայեցակարգով, որը հստակ սահմանում է առաջիկա 5 տարիների զարգացման հիմնական ուղղությունները։ Այս շրջանակում մեր ուշադրության կենտրոնում են Branded Residences (բրենդավորված բնակավայրեր) և Mixed-use (խառը օգտագործման) էկոհամակարգերը։ Այս ֆորմատները հեռանկարային են, քանի որ ժամանակակից սպառողը փնտրում է ոչ թե պարզապես քառակուսի մետրեր, այլ ամբողջական ապրելակերպ և բարձրակարգ սպասարկում, որը երաշխավորված է միջազգային հեղինակավոր բրենդների կողմից։ Նմանատիպ նախագծերն ունեն ներդրումային բարձր պոտենցիալ, քանի որ ապահովում են ավելի բարձր ավելացված արժեք և կապիտալիզացիայի աճ։
Մեր առավել հեռագնա նպատակներում մենք ընկերությանը տեսնում ենք որպես ամբողջական թաղամասերի կառավարում իրականացնող օպերատոր։ Սա նշանակում է, որ մեր պատասխանատվությունը չի ավարտվում շինարարության ավարտով. մեր տեսլականն է ստեղծել և կառավարել միասնական միջավայրեր, որտեղ բնակելի, գործարար և հանգստի գոտիները գործում են որպես մեկ ներդաշնակ օրգանիզմ՝ ապահովելով գույքի արժեքի երկարաժամկետ պահպանումը։ Այս համատեքստում մենք ակտիվորեն ինտեգրում ենք խելացի և կայուն (Green & Smart) քաղաքաշինության լուծումները, որոնք նվազեցնում են շահագործման ծախսերը և բարձրացնում ակտիվների գրավչությունը միջազգային ներդրողների համար։ Միևնույն ժամանակ, մեր թիրախում են մնում բիզնես և տեխնոլոգիական հաբերը, ինչպիսին է Համաշխարհային առևտրի կենտրոնը, որոնք ապահովում են երկրի տնտեսական ինտեգրումը գլոբալ շուկաներին և գեներացնում կայուն դրամական հոսքեր։