Рейтинг@Mail.ru
USD
372.85
EUR
438.88
RUB
4.9588
GEL
138.62
2026 թ. ապրիլի 21, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+9

Շուրջ 300 մլն դոլար է գնահատվում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը

Երեկ, 13:36
Ավինյանը նշեց, որ կայարանի կառուցումը քաղաքապետարանի ամենամեծ առաջնահերթությունն է
Շուրջ 300 մլն դոլար է գնահատվում մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երևանի մետրոպոլիտենի նոր՝ 11-րդ կայարանի՝ «Աջափնյակի» կառուցման ներդրումային ծրագրի ներկայիս տնտեսական արժեքը կազմում է 107,3 մլրդ դրամ (մոտ 287,4 միլիոն դոլար), հայտնել է քաղաքապետի խորհրդական Անետա Բաբայանն այսօր կազմակերպված գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ 

Նրա խոսքով՝ տնտեսական շահութաբերության ներքին դրույքը կազմում է15,3%։ 

Բաբայանը տեղեկացրեց, որ ներդրումային ծրագիրն արդեն ստացել է Ֆինանսների նախարարության դրական եզրակացությունը։ 

«Ակնկալում ենք որ Ներդրումային կոմիտեի նիստի օր, ժամ կասեն, որի շրջանակներում արդեն ծրագիրը քննարկման կդրվի», - ասաց Բաբայանը։

Նա հայտնեց, որ գնումների տեխնիկական բնութագրերը նախնական մշակված են։ Մրցութային փաթեթների ամբողջացման համար շրջանառության մեջ է դրվել գնումների առանձնահատկությունները սահմանելու մասին կառավարության որոշման նախագիծ։ 

Երևան քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ «Աջափնյակի» մետրոյի կայարանը Երևանի քաղաքապետարանի ամենամեծ առաջնահերթությունն է։

«Սա նշանակում է, որ այսուհետ շաբաթական ռեժիմով, այսինքն՝ երկուշաբթի օրերին, առաջինը ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման գործընթացի հետ կապված պրոցեսներին՝ ամենամիկրոդետալը նույնիսկ։ Ես պահանջում եմ, որ շաբաթական ռեժիմով մենք ունենանք այդ ուղղությամբ արված աշխատանք և ամեն շաբաթ ունենանք զեկուցելու նյութ», ասաց Ավինյանը։

Ծրագրի մասին

2022 թվականի գարնանը, Երևանի քաղաքապետարանը «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման ծրագրի արժեքը նախնական գնահատել էր մոտ 50 միլիոն դոլար։

Նախագծային աշխատանքների համար Հայաստանի կառավարությունը հատկացրել է 750 միլիոն դրամ, ևս 554 միլիոն դրամ տրամադրել է Երևանի քաղաքապետարանը։

Կայարանի նախագծանախահաշվային փաստաթղթերը մշակել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը, որը հաղթել էր համապատասխան մրցույթում։

Ի սկզբանե «Աջափնյակ» կայարանի շինարարությունը նախատեսվում էր սկսել 2024 թվականին։ Այնուհետև ժամկետները տեղափոխվեցին 2025 թվականի վերջ, իսկ ավելի ուշ՝ 2026 թվական։ Երևանի 2025 թվականի բյուջեում ծրագրի իրականացման համար նախատեսված էր 9,6 միլիարդ դրամ, սակայն հետագայում այդ գումարը կրճատվեց՝ հասնելով 1,4 միլիարդ դրամի։

Ավինյանի խոսքով՝ այդ միջոցների մի մասն ուղղվել է 45 նոր 12-մետրանոց տրոլեյբուսների ձեռքբերմանը։ Քաղաքային բյուջեի 2026 թվականի նախագծով լրացուցիչ նախատեսված է ևս 2 միլիարդ դրամ ($1 - 373,34 դրամ)։