Ադրբեջանական երկաթուղու բացումն ու նավթամթերքի ներկրումը փրկել են Հայաստանը գլոբալ ճգնաժամի ազդեցությունից. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Հորմուզի նեղուցի շուրջ առաջացած ճգնաժամը ՀՀ քաղաքացիները և տնտեսությունը շատ ավելի շոշափելի ձևով կզգային թե՛ նավթամթերքի գնի, թե՛ գնաճի, թե՛ մատակարարումների առումով, եթե ադրբեջանական երկաթուղու պատմական բացումը ՀՀ-ի համար այս ժամանակաշրջանում տեղի ունեցած չլիներ:
Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ հաստատված խաղաղության շնորհիվ այսօր Ադրբեջանից նավթամթերք է ներկրվում ՀՀ, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն ու բնակիչներն արդեն իսկ տասնյակ միլիարդների խնայողություններ են ունեցել։
Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական նավթամթերքի ներկրումն այն վերջին գործոնն էր, որի արդյունքում ավարտվեց «նավթամթերքի շուկայում մենաշնորհի կազմաքանդում» օպերացիան, որը տևում էր 8 տարի:
«Մեր քաղաքացիները հարցնում են՝ ինչո՞ւ 8 տարի։ Շատ պարզ պատասխան ունի․ որովհետև այդ դեպքերում մենք ոչ թե ուղղակի պարզ գործողություն ենք անում, մենք բառիս բուն իմաստով մաֆիայի դեմ ենք պայքարում»,- ասել է Փաշինյանը։
Ադրբեջանի միջով Հայաստան ապրանքների մատակարարման մասին
Ադրբեջանի միջով դեպի Հայաստան ապրանքների երկաթուղային փոխադրումները հնարավոր են դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրերի շնորհիվ:
Այս երթուղին գործարկվել է առաջին անգամ 90-ականների սկզբից ի վեր այն բանից հետո, երբ 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահը հայտարարեց Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները հանելու մասին:
Ապրանքների առաջին երկու խմբաքանակները, որոնք Հայաստան են հասել երկաթգծով Վրաստանի և Ադրբեջանի տարածքով, ռուսական հացահատիկով գնացքն էր (15 վագոն, ժամանել է 2025թ․–ի նոյեմբերի 5-ին) և ղազախական ցորենով գնացքը (մոտ 1000 տոննա, հասել է 2025թ․–ի նոյեմբերի 7-ին):
Այնուհետև, 2025թ․–ի դեկտեմբերի 19-ին Հայաստան է հասել Ադրբեջանից 1218 տոննա բենզինով գնացքը՝ համաձայն 2025 թվականի նոյեմբերի 28-ին Գաբալայում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների: