Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարությունը կմեկնարկի մեկուկես ամսից
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշում, որով նախատեսվում է ավարտին հասցնել Երևանի Բաբաջանյան փողոցից մինչև Աշտարակի խճուղի ձգվող ճանապարհի անավարտ մնացած հատվածի շինարարությունը։
Ինչպես հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, խնդրո առարկա 270 մետր երկարությամբ ճանապարհահատվածը և 110 մետր մոտեցնող ճանապարհը տարիներ շարունակ անավարտ էին մնացել գույքի օտարման շուրջ առաջացած դատական վեճերի պատճառով, մասնավորապես տվյալ գույքի նկատմամբ որևէ գործողություն կատարելու արգելանքով։
«ՏԿԵ նախարարության միջնորդությամբ տվյալ գույքի նկատմամբ կիրառված արգելանքն արդեն վերացվել է, ուստի անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել շինարարական աշխատանքների իրականացմանը », — նշեց Ղալեչյանը։
Փոխնախարարը տեղեկացրեց, որ գործող նախագծերը և նախագծային լուծումները կազմվել և հաստատվել են դեռևս 2015-2016 թվականներին, և տվյալ տեղանքում տարիների ընթացքում առաջացել են տարբեր ֆիզիկական և ինժեներական փոփոխություններ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հավելեց, որ բացի նախագծային աշխատանքների առանձնահատկություններից, ապահովվում է նաև բուն շինարարական աշխատանքների անհետաձգելիությունը։
«Մենք պլանավորում ենք, որ գալիք ամիս, ամիսուկեսվա ընթացքում փաստացի աշխատանքները պետք է սկսենք։ Ֆիզիկապես պետք է սկսենք։ Այս պահին ավարտվում է նախագծման, վերանախագծման աշխատանքների հիմնական մեծ փաթեթը, որից հետո իրականացվելու է դետալացված որոշակի աշխատանք», - նշեց Ավինյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ նախագիծը որոշակի ազդեցություն կունենա նաև խցանումների հետ կապված խնդրին, քանի որ շրջանցող մեքենաների թիվը ակնհայտորեն կշատանա։
«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 556 կմ, անցնում է Հայաստանի տարածքով՝ Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա երթուղով և միանում է Վրաստանի ճանապարհային ցանցին, որը տանում է դեպի Սև ծովի Փոթի և Բաթումի նավահանգիստներ, իսկ այնուհետև՝ դեպի Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպական միություն։
Ծրագրի իրականացումը կոչված է բարելավելու տրանսպորտային հաղորդակցությունը Եվրոպա–Կովկաս–Ասիա գծով՝ Արևմտյան Ասիայի և Արևելյան Եվրոպայի հանգուցակետում։