Рейтинг@Mail.ru
USD
373.34
EUR
440.35
RUB
4.8937
GEL
138.84
2026 թ. ապրիլի 20, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հարկ վճարողների օրինապահության ինստիտուտը կբարելավվի

18.04.2026, 12:03
Նախագծով առաջարկվում է 2021 թվականից ներդրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման 12-ամսյա ժամկետը փոխարինել անժամկետ գործողությամբ
Հարկ վճարողների օրինապահության ինստիտուտը կբարելավվի

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հարկ վճարողների օրինապահության ինստիտուտը կբարելավվի, հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Նախագիծը վերաբերում է օրինապահության ինստիտուտի բարելավմանը, որը ներդրվել է 2021 թվականին՝ օրենքի մակարդակով, և նպատակ է ունեցել խրախուսելու հարկային կարգապահությունը, որպես մշակույթ արմատավորելու հարկերի վճարումը, ինչպես նաև ապահովելու հարկային վարչարարության շարունակական բարելավումը», – նշել է Հակոբյանն այսօր կառավարության նիստի ժամանակ։

Հակոբյանի խոսքով, նախագծով առաջարկվում է 2021 թվականից ներդրված օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման 12-ամսյա ժամկետը փոխարինել անժամկետ գործողությամբ, ինչը կուղեկցվի տնտեսվարողների գործունեության եռամսյակային մշտադիտարկմամբ։

«Օրինապահ հարկ վճարողի համակարգն առավել գրավիչ դարձնելու, համակարգի ներդրման համար խրախուսման լրացուցիչ գործիքակազմ նախատեսելու, ինչպես նաև հավաստագրի տրամադրմանը վերաբերող կարգավորումները կատարելագործելու նպատակով այս փաթեթով առաջարկվում են կատարել փոփոխություններ։ Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ դադարեցման իրավունքով, միաժամանակ իրականացնել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների գործունեության մշտադիտարկում՝ եռամսյակային կտրվածքով, որը նպատակ ունի ապահովելու հարկ վճարողի շարունակական օրինապահ վարքագծի դրսևորումը», – ասաց Հակոբյանը։

Բացի այդ, նախատեսվում է ներդնել հարկ վճարողների սպասարկման գործառույթի անհատական իրականացման հնարավորություն, ինչը ենթադրում է սպասարկման համապատասխան մասնագետի նշանակում տվյալ օրինապահ հարկ վճարողի համար։

Հակոբնյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև մեղմել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցողների համար ավելացված արժեքի հարկի վերադարձի ռիսկայնության չափանիշները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտնեց, որ 2017թ․–ի համեմատ՝ 2025թ․–ին բյուջեի եկամուտները, այդ թվում՝ հարկային մուտքերը, աճել են 130%–ով։