Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձերի հավաքագրումներն օրական 37մլն-ից հասել են 65 մլն դրամի. Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո հանրային տրանսպորտում օրական միջինում հավաքագրվող 37 մլն դրամը, որն ուղղվում է տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանը և համապատասխան այլ խնդիրների լուծմանը, դարձել է մոտ 65 մլն դրամ։
Այս մասին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Իրականում վերջին շրջանում որոշակի վերահսկողական փոփոխություններից հետո մենք արձանագրում ենք, որ հասարակական տրանսպորտում միջին օրական հավաքագրումները, որոնք կազմում էին 37 մլն դրամ և ուղղվում էին մեր հասարակական տրանսպորտի սպասարկմանը, նոր տրանսպորտի ձեռքբերմանն ու տրանսպորտի հետ կապված այլ հարցերի լուծմանը, սկսել են կազմել շուրջ 65 մլն դրամ: Սա նշանակում է, որ մենք այնտեղ ունեինք որոշակի խնդիր, որի մասին գիտեինք և դրսևորում էինք որոշակի հանդուրժողականություն, քանի որ համակարգը նոր էր ներդրվել: Մենք դեռևս ունենք տեխնիկական խնդիրներ ու հարցեր, բայց պետք է գար օրը, երբ վերահսկողական մեխանիզմների և խստացումների միջոցով մենք կապահովեինք այդ հավաքագրումը, և հիմա մենք տեսնում ենք հենց այդ գործընթացը»,- ասել է Ավինյանը:
Նա շնորհակալություն է հայտնել իրենց պայմանագրային պարտավորությունները կատարող բոլոր աշխատակիցներին, վարորդներին, ինչպես նաև նրանց աջակցող ուղևորներին:
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չվճարողից վերածվել են վճարողի: Սա շատ կարևոր քայլ է, և կարծում եմ՝ մեր գիտակցության մեջ իրոք շատ բան պետք է փոխվի, որովհետև որևէ ծառայությունից օգտվելիս մենք պետք է հասկանանք, որ պարտավոր ենք վճարել դրա դիմաց, որպեսզի այդ ծառայությունը շարունակի մնալ որակյալ և որպեսզի մենք հնարավորություն ունենանք անհրաժեշտության դեպքում նոր ավտոբուսներ գնել, հները փոխարինել»,- հավելել է քաղաքապետը:
Նրա խոսքով՝ շուտով Երևանում կհայտնվեն 45 նոր տրոլեյբուսներ, բացի այդ, հայտարարվել է 170 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ:
«Այս ամենը շարունակական հիմունքներով ապահովելու համար մենք պետք է կարողանանք որոշակի փոփոխություններ մտցնել նաև մեր վարքագծում: Ուզում եմ արձանագրել, որ 2 շաբաթվա աշխատանքը տվել է շատ կոնկրետ և շատ մեծ արդյունք, և կարծում եմ՝ բոլորը կհամաձայնեն, որ երբ մոտ 37 միլիոնը դառնում է 65 միլիոն, այսինքն՝ գրեթե կրկնապատկվում է, դա իրոք մեծ արդյունք է»,- եզրափակել է Ավինյանը:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խստացրել էր հռետորաբանությունը հասարակական տրանսպորտում վճարային կարգապահության հարցում։ Ապրիլի սկզբին նա անընդունելի էր համարել այն իրավիճակը, երբ վարորդները փաստացի ներգրավված չեն ուղեվարձի վճարման վերահսկողության մեջ՝ ընդգծելով, որ համապատասխան հավելավճարների առկայության դեպքում նրանք պետք է իրենց լիազորությունների շրջանակում աջակցեն վճարների հավաքագրման ապահովմանը։ Մի քանի օր անց Ավինյանը քննադատել էր առանց տոմսի երթևեկող ուղևորներին՝ նշելով, որ նրանք լրացուցիչ բեռ են դառնում համակարգի և բարեխիղճ ուղևորների համար։ Նա նաև փաստել էր, որ վճարումից խուսափելու դեպքերը հաճախ ուղեկցվում են ագրեսիվ վարքագծով և կոնֆլիկտներով, ներառյալ՝ վարորդների հետ կապված միջադեպերը: