ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց զորակոչի տարիքի քաղաքացիների համար քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց 15 մլն դրամի վճարի նախագիծը
ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ «Քաղաքացիական պայմաանգիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը խորհրդարանի որոշմամբ չի ընդգրկվել նստաշրջանի օրակարգ:
Նախագծով առաջարկվում էր քաղաքացիությունից հրաժարվողներից պահանջել 15 մլն դրամ և այն բաշխել զինվորների միջև։
Ինչպես նշեց նախագծի հեղինակ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, այսօր Հայաստանում կա զորակոչի հետ կապված լրջագույն խնդիր։ 2025 թվականին բանակ է զորակոչվել զորակոչի ենթակաների ընդամենը 35%-ը, իսկ զինվորիների թվի 30%-ի չափով տղաներ հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից։
«Գործող օրենսդրությամբ ծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք վճարում են 15 մլն դրամ։ Առաջարկում եմ նույն սկզբունքով քաղաքացիությունից հրաժարվողներից նույնպես պահանջել 15 մլն դրամ և բաշխել զինվորների միջև՝ ամեն մեկին տրամադրելով 1,5 մլն դրամ։ Առաջարկում են նաև տալ քաղաքացիություից հրաժարվելուն այլընտրանք․ վճարել նույն 15 մլն դրամը և ծառայել 1 ամիս։ Վստահ եմ, այս դեպքում քաղաքացիությունից հրաժարվողների թիվը բազմապատիկ կնվազի, կունենանք հավելյալ մի քանի հազար զինվոր, իսկ 1,5 տարի ծառայողները կստանան 1,5-3 մլն դրամ», – ասաց Սարգսյանը։
Վերջում Սարգսյանն ավելացրեց, որ առաջիկայում քննարկումները շարունակվելու են կառավարության և ՊՆ-ի հետ։
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը և կառավարությունը նույնպես տվել էին բացասական եզրակացություն: