Կառավարությունը 900 մլն դրամ կհատկացնի պարարտանյութերի սուբսիդավորմանը
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրը։
Կարգավորման նպատակը բուսաբուծության ճյուղում տնտեսվարողների, մասնավորապես՝ հողօգտագործողների համար գնաճի պայմաններում շուկայական գներից ավելի ցածր գներով պարարտանյութերի ձեռքբերման հնարավորություն ստեղծելն է։
Նշվում է, որ ծրագիրը կիրականացվի 2026 թվականին, մեկ շահառուի հաշվով պարարտանյութ կտրամադրվի առավելագույնը 30 հեկտար հողատարածքում մշակություն իրականացնելու համար։
Առաջարկվում է մատակարարների կողմից շահառուներին վաճառվող պարարտանյութի վաճառքի գնի սուբսիդավորում՝ 50 կգ քաշով 1 պարկ պարարտանյութի վաճառքի գնի և 8000 դրամի տարբերության չափով, բայց ոչ ավելի, քան 50 կգ քաշով 1 պարկի հաշվով՝ 3000 դրամը։
Ծրագրի շրջանակում շահառուների առնվազն 20 տոկոսի փաստաթղթերի ընտրանքային մոնիթորինգ կիրականացվի մարզպետի աշխատակազմի կողմից։ Որոշման ընդունման կապակցությամբ բյուջեում ծախսը 2026 թ․ համար կկազմի շուրջ 900 մլն դրամ։
Նշվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում գյուղատնտեսությունում տնտեսավարողները հնարավորություն կունենան շուկայական գներից առավել ցածր գներով ձեռք բերելու պարարտանյութեր, կապահովվի ցանքատարածությունների պարարտացումը, պարարտանյութերի նորմավորված չափաքանակների օգտագործման պայմաններում՝ կբարձրանա բերքատվությունը և հողերի բերրիությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս թանկացումները կապված են Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրության հետ։
«Շատ կարևոր եմ համարում, որ մենք ճիշտ մոնիթորինգ անենք շուկան, որովհետև, ցավոք, երբեմն մեզ մոտ լինում են դրսևորումներ, երբ ճգնաժամերն առաջանում են, գնաճն արձանագրվում է, բայց երբ ճգնաժամերը հանգուցալուծվում են, գները այդքան էլ հաճույքով չեն վերադառնում իրենց նախկին մակարդակին», - նշեց Փաշինյանը։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը տեղեկացրեց, որ մոնիթորինգը նախապես իրականացվել է, և թվերը, մասնավորապես` պարարտանյութերի մասով, ներկայացվել են Էկոնոմիկայի նախարարություն։
«Մենք ոչ միայն պարարտանյութի, այլև դիզելի, բենզինի շուկան ենք անընդհատ մոնիթորինգի ենթարկում։ Այս պահին կարելի է ասել, որ ՀՀ-ում գների բարձրացումը տնտեսապես համահունչ է», - ասաց Գևորգյանը։