Հայաստանից դեպի ԵՄ երկրներ արտահանումը 2025թ․–ին աճել է 9,2%–ով․ նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի․/ԱՌԿԱ/․ 2025թ․–ին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանումն աճել է 9,2%-ով։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«2025թ.-ին, 2024թ-ի համեմատ, Հայաստանից դեպի Եվրոպական Միություն արտահանումը աճել է 9,2%-ով՝ կազմելով 667․0 մլն ԱՄՆ դոլար (2024-ին կազմել է 610․7 մլն ԱՄՆ դոլար)», – գրել է նա Facebook–յան իր էջում։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2025 թվականի 11 ամիսների ընթացքում Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 33,2%-ով՝ կազմելով 18,9 մլրդ դոլար: Նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին ԵՄ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 5,7%-ով՝ հասնելով ավելի քան 2,23 մլրդ դոլարի, որից Հայաստանից արտահանումը կազմել է գրեթե 593,7 մլն դոլար (աճը՝ 7,6%), իսկ ներմուծումն ըստ արտադրող երկրների՝ 1,64 մլրդ դոլար (աճը՝ 5,1%)։