Միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի․ Պուտինն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այսօր մենք գլուխ ենք խոնարհում հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև, որը XX դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է։ Անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը, ովքեր սպանվեցին, վիրավորվեցին, վտարվեցին իրենց հարազատ քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունը և օտարատյացությունը», - ասված է Պուտինի ուղերձում:
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում միշտ եղել է անփոփոխ։ Դեռևս 1915 թվականի մայիսին այն իր արտացոլումն էր ստացել Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ Հռչակագրում, որը դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ պատմության արդեն նոր փուլում՝ Պետական դումայի 1995 թվականի ապրիլի 14-ի հայտարարության մեջ։
«Վստահ ենք, որ ազգային հատկանիշով մարդկանց զանգվածային ոչնչացման և տեղահանման քաղաքականությունը չունի և չի կարող ունենալ արդարացում, և միջազգային հանրությունը պետք է միավորի ջանքերը, որպեսզի նման բարբարոսությունը երբեք և ոչ մի տեղ չկրկնվի», - ասված է ուղերձում:
ՌԴ նախագահը նշել է, որ այդ տարիների հալածանքներն ու բռնաճնշումները դարձել են չսպիացող վերք հայերի շատ սերունդների համար, սակայն վերապրած դժբախտությունը համախմբել է մարդկանց, ովքեր ցուցաբերել են հավատարմություն ավանդույթներին, իմաստություն և արիություն:
«Համոզված եմ, որ այսուհետ ևս Հայաստանի դուստրերն ու որդիները կպահպանեն ազգային ինքնությունը, բազմահազարամյա մշակույթը, լեզուն, ազատությունը և հոգևոր արժեքները։ Բարեկամ հայ ժողովրդին մաղթում եմ բարօրություն, բարգավաճում և ամենայն բարիք», - ասված է ուղերձում: