Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 24, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

ԱԳՆ․ Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով

Այսօր, 13:12
Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով
ԱԳՆ․ Հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./ԱՌԿԱ/. Հիշելով անցյալը և հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` ՀՀ-ն իր ինքնիշխան ապագան կառուցում է խաղաղության օրակարգով, նշված է ԱԳՆ-ի՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:

«Հարևան պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների և իրական փոխգործակցության առկայությունն այն նվազագույն պայմանն է, որն անհրաժեշտ է Հարավային Կովկասում տևական խաղաղություն հաստատելու և մեր տարածաշրջանի բոլոր ժողովուրդների խաղաղ համակեցությունն ապահովելու համար», - նշված է հայտարարության մեջ։

ԱԳՆ–ից նշում են, որ ապրիլի 24-ին մենք ոգեկոչում և հարգանքի տուրք ենք մատուցում Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մեծ եղեռնին զոհ դարձան 1.5 միլիոն տղամարդիկ, կանայք, երեխաներ և ծերեր, որոնք սպանվեցին կամ մահվան մատնվեցին միայն հայ լինելու պատճառով:

Նշվում է, որ հայ ժողովրդի դեմ իրականացված այս ոճրագործությունը դարձավ այն պատմական օրինակներից մեկը, որը 1948 թվականին հիմք հանդիսացավ «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ կոնվենցիայի ընդունման համար։ 

«Չնայած միջազգային հանրության գործադրած ջանքերին՝ 21-րդ դարում մենք շարունակում ենք ականատես լինել ռասայական և էթնիկ անհանդուրժողականության, ատելության և այդ հիմքով իրականացվող նոր զանգվածային ոճրագործությունների: 

Հայաստանը պարտավորություն է զգում շարունակաբար և հետևողականորեն ներգրավված լինել նման հանցագործությունների նշանների հայտնաբերմանն ու վաղ ահազանգմանը, աջակցել դրանց կանխարգելմանը և վերացմանը միտված նախաձեռնություններին», - նշված է հայտարարության մեջ: 

ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի ջանքերով 2015 թվականի դեկտեմբերի 9-ն ընդգրկվել է ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում՝ որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: 

2025թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա տասնամյակ» խորագրով բանաձևը։ 2026 թվականի մարտին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանում հերթական անգամ միաձայն ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: