Առաջիկա տարիներին ՀՆԱ–ի միջին տարեկան աճը պլանավորվում է առնվազն 6%․ Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի իշխանությունները պլանավորում են առաջիկա տարիներին ՀՆԱ–ի միջին տարեկան աճն ապահովել առնվազն 6%, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։
«2021-2026 թվականների ծրագրում մենք խոստացել էինք տարեկան միջինը 7% տնտեսական աճ, և մենք այդ ցուցանիշն ապահովել ենք ավելի քան 7%․ 7․6% միջինում տնտեսական աճ ենք ապահովել։ Առաջիկա տարիներին մենք պլանավորում ենք առնվազն միջինում 6% աճ», - ասաց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ 2018-2025 թվականներին Հայաստանի իրական ՀՆԱ-ն աճել է 53 տոկոսով։
Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության համար
2026 թվականի պետական բյուջեում Հայաստանի տնտեսության աճը նախատեսված է 5,4% չափով: Համաձայն Կենտրոնական բանկի ընթացիկ տարվա առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության՝ 2026 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ի աճը սպասվում է կախված սցենարից (Ա-Բ) 7,1-4,7%, 2027 թվականին՝ 5,7-5,3%, 2028 թվականին՝ 4,9-5,2%:
Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները միջազգային ֆինանսական կառույցների կողմից 2026 թվականի համար. ԵԱԶԲ՝ 5,3%, ՀԲ՝ 5,3%, ԱՄՀ՝ 5,3%, ԱԶԲ՝ 5,5%, ՎԶԵԲ՝ 5,5%, S&P Global Ratings՝ 5,3%, Fitch Ratings՝ 5%-ից բարձր (2026-2027 թթ. համար):