Հայաստանը պետք է արտադրողականության աճ պահպանի տարեկան միջինը 4–5 տոկոսի սահմանում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը պետք է արտադրողականության աճ պահպանի տարեկան միջինը 4–5 տոկոսի սահմանում` արտաքին շուկաներում մրցունակության պահպանման համար, «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում հայտարարեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը։
«Դա նշանակում է, որ մենք պետք է ապահովենք տնտեսության աճի ավելի բարձր տեմպ` միգրացիայի և զբաղվածության խնդիրների լուծման համար», – նշեց Հերգնյանը։
Նրա խոսքով` այսօրվա արտաքին տնտեսական միջավայրում դա ավելի բարդ է դառնում, քանի որ հարկավոր է որոշել այդ աճի աղբյուրները, իսկ դա ներքին կամ արտաքին ռեսուրսներն են։
«Հայաստանի նման երկրների համար արտաքին ռեսուրսներն են ուղիղ օտարերկրյա ներդրումները։ Եվ այստեղ Հայաստանի համար լավ հնարավորություն է բացվել. օգտագործել ԵՏՀ–ի հարթակը, քանի որ մեր ներքին շուկայի համար դժվար է ներգրավել մեծ ներդրումներ», – նշեց փորձագետը։
երգնյանն ընդգծեց, որ Հայաստանը նման առավելություն է ստացել ԵՏՄ–ի շրջանակում, սակայն ռուբլու անկայունության և նրա կտրուկ արժեզրկման պատճառով դժվարացել է օգտվել նման հնարավորությունից։
«Բացի այդ, մեզ համար շատ կարևոր է դիվերսիֆիկացնել ֆինանսական շուկան, քանի որ մեզ մոտ ֆինանսավորումն ընթանում է հիմնականում բանկային վարկերի հաշվին, սակայն երկարաժամկետ զարգացման համար հարկավոր են «երկար» փողեր։ Ֆոնդային շուկայի բացակայության պայմաններում մենք ստիպված ենք կենտրոնանալ ֆինանսական մեկ գործիքի վրա», – ավելացրեց փորձագետը։
Պետբյուջեի համաձայն` Հայաստանում ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ին նախատեսված է 4,1 տոկոսի սահմանում, իսկ գնաճը` 4 տոկոսի սահմանում (±1,5%)։
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները տարբեր կանխատեսումներ են անում` կապված Հայաստանի տնտեսական աճի հետ։ Այսպես, իր վերջին կանխատեսումներում Համաշխարհային բանկը 2015 թ.–ին ակնկալում է 0,8 տոկոսի աճ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը` 2,3 տոկոսի աճ, ԵԶԲ–ն` 2,0–2,5 տոկոսի աճ, ԱՄՀ–ն` 2,5 տոկոսի աճ, Ասիական զարգացման բանկը` 1,2 տոկոսի աճ։
Միաժամանակ իր վերջին հաշվետվությունում Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը 2015 թ.–ին ավելացրել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի կանխատեսումը` մինչև 1,5 տոկոս, Moody’s գործակալությունը կանխատեսում է հայկական տնտեսության 2,3 տոկոսանոց աճ։ Իր վերջին հաշվետվությունում ՀՀ ԿԲ–ն լավացրել է 2015 թ.–ին երկրի տնտեսական աճի կանխատեսումը և ակնկալում է ՀՆԱ–ի աճ 2,8–3,6 տոկոսի սահմանում։ Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015 թ.–ի առաջին կիսամյակում կազմել է 4 տոկոս։ –0–