Рейтинг@Mail.ru
USD
379.03
EUR
449.83
RUB
4.9456
GEL
140.75
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀԾԿՀ–ն հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագները

29.12.2020, 17:57
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեքշաբթի նիստի ժամանակ հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները
ՀԾԿՀ–ն հաստատեց էլեկտրաէներգիայի նոր սակագները

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեքշաբթի նիստի ժամանակ հաստատեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից բաժանորդներին մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագները։ 

Նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2021թ.–ի փետրվարի 1–ից։

Կարգավորչի որոշման համաձայն, 110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագինը 36.48 դրամ/կՎտժ է, գիշերային սակագինը՝ 32.48 դրամ/կՎտժ: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 38.98 դրամ/կՎտժ է, գիշերային սակագինը՝ 34.98 դրամ/կՎտժ: 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը 44.98 դրամ/կՎտժ է, գիշերային սակագինը՝ 34.98 դրամ/կՎտժ: 

0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցող բնակիչների և 0.38 կՎ լարմամբ սնվող այլ սպառողների համար կգործեն՝ ցերեկային սակագին՝ 47.98 դրամ/կՎտժ, գիշերային սակագին՝ 37.98 դրամ/կՎտժ: 

Սոցիալապես անապահով ընտանիքների և ամսական մինչև 400 կՎտժ սպառում ունեցող բնակիչ-բաժանորդների (բնակիչ-բաժանորդների շուրջ 90%-ի) համար գործող սակագները կմնան անփոփոխ։

Ցերեկային սակագինը բնակչության համար հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում գործում է 7։00–ից մինչև 23։00–ն, մարտից հոկտեմբեր` 6։00–ից մինչև 22։00–ն։–0–