Շաբաթական 70-80 մլն դրամի չվճարում ունենք, շաբաթը 2 նոր ավտոբուս կարող էինք առնել չվճարողների հաշվին․ Ավինյան
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի․ /ԱՌԿԱ/․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է տրանսպորտի ուղեվարձի չվճարումների խնդրին և նշել, որ դա ազդում է շարժակազմի թարմացման վրա:
«Շաբաթական 70-80 միլիոն դրամի չվճարում ունենք, սա նշանակում է՝ շաբաթը 2 նոր ավտոբուս կարող էինք առնել չվճարողների հաշվին», - ասաց Ավինյանն այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Նա հավելեց, որ 2022 թվականից ի վեր չի եղել մի տարի, որ Երևան քաղաքում շարժակազմը չավելացվի և նոր ավտոբուսներ ու տրոլեյբուսներ չգնվեն։
«Այն մարդկանց, ովքեր չեն վճարում, մենք որպես բեռ բոլորս միասին մեր վզին տանում ենք։ Ի՞նչ են ասում այն մարդիկ, որոնք չեն վճարում․ ասում են՝ տեղ չկա ավտոբուսում», - նշեց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ այդ մարդիկ բողոքում են նրանից, որ իրենց անպարտաճանաչության հետևանքով ավել ավտոբուս չի գնվում։