Հայաստանում 2025 թ.-ի արդյունքներով 7%-անոց տնտեսական աճ կապահովվի. Պապոյան
ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ մինչև 2025 թ.-ի վերջը կհասնենք 7% տնտեսական աճի։
«Ես վստահ եմ, որ տարեվերջին տնտեսական աճը կլինի նախատեսվածից բարձր», - ասել է Պապոյանը «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ։
Նա հիշեցրել է, որ նախնական տվյալներով, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թ.-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին գրանցել է 7.6% աճ՝ 2024 թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ։
«Զարգացումները դրական ուղղությամբ են գնում: 2025 թվականի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,6 տոկոս է, իսկ վերջին ամսվանը՝ 10,5 տոկոս: Դա վկայում է Կառավարության կողմից իրականացված տնտեսական քաղաքականությունների արդյունավետության մասին և մեզ որոշակի հիմք է տալիս պնդելու, որ այն նպատակադրումը, որ մենք ունեինք նախարարությունում, այն է՝ ունենալ շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան պետական բյուջեով էր սահմանված, պետք է իրականացնել: Եվ մենք կարծում ենք, որ տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին, երբ մենք կամփոփենք արդյունքները, մեր կարծիքով, կունենանք շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան բյուջեով պլանավորել էինք»,- ասել է նախարարը: