Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանի ճարտարապետների միությունը կդիմի կառավարությանը ՄՀՀ–ի շենքի վաճառքի թափանցիկության ապահովելու խնդրանքով

22.05.2014, 16:55
Հայաստանի ճարտարապետների միությունը երկրի Մշակույթի նախարարությանը նամակ կուղարկի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի վաճառքի թափանցիկությունն ապահովելու խնդրանքով, հինգշաբթի հայտնեց Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Հայաստանի ճարտարապետների միությունը կդիմի կառավարությանը ՄՀՀ–ի շենքի վաճառքի թափանցիկության ապահովելու խնդրանքով
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ճարտարապետների միությունը երկրի Մշակույթի նախարարությանը նամակ կուղարկի` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շենքի վաճառքի թափանցիկությունն ապահովելու խնդրանքով, հինգշաբթի հայտնեց Միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը դրվել է աճուրդի մայիսի 19–ին։ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդների կայքում տեղադրված տեղեկության համաձայն` նախօրեին աճուրդի դրված լոտի սկզբնական գինը կազմում է 19.35 մլրդ դրամ (46,8 մլն դոլար)։ Ենթադրվում է, որ աճուրդը կտևի մինչև մայիսի 29–ը։

«Մենք կդիմենք տվյալ կառույցներին ՄՀՀ–ի շենքի վաճառքի թափանցիկ կազմակերպմանն աջակցելու խնդրանքով` դրա ճարտարապետական տեսքի փոփոխումից խուսափելու համար, քանի որ այդ շենքը Երևանի կարևոր ճարտարապետական հուշարձան է»,– ասաց Մինասյանը` պատասխանելով «Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին։

Ըստ նրա` ՄՀՀ շենքի վաճառքի փաստը սպառնալիք չի կրում, որովհետև սեփականատիրոջ փոփոխումը չի փոխի նրա ճարտարապետական տեսքը, քանի որ վաճառքի ժամանակ նոր սեփականատիրոջ համար որոշակի պարտավորություններ են նշվում, և այդ ճարտարապետական հուշարձանը չի փոխվի կամ ավերվի։ Սակայն, վաճառքի թափանցիկության խախտման դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել։

«Հասարակայնությունը դժգոհություն է արտահայտում այս հարցով, քանի որ մարդիկ վստահ չեն, թե վաճառքից հետո շենքը կմնա նույն տեսքով։ Մենք դեմ չենք շենքի վաճառքին, եթե միայն գործընթացն իրականացվի նորմերին համապատասխան և չդառնա ՄՀՀ ճարտարապետության փոփոխության պատճառ»,– պարզաբանեց Մինասյանը։

Ճարտարապետ Ֆերդինանդ Առաքելյանը, ով մասնակցել է ՄՀՀ–ի կառուցմանը, իր հերթին նշում է, որ ճարտարապետական նման ժառանգությունը չպետք է վտանգվի։

«Խորհրդային ժամանակաշրջանում այսպիսի ճարտարապետությամբ շենքեր չափազանց դժվար էր կառուցել, քանի որ նման նախագծերը սառեցվում կամ արգելվում էին։ ՄՀՀ–ն գործնականում միակ նմանատիպ շենքն է, որ այդ ժամանակաշրջանում հաջողվել է կառուցել։ Անընդունելի կլինի, եթե վաճառքից հետո հուշարձանը վերածվի հերթական ակումբի»,– ասաց Առաքելյանը։

Համալիրի ընդհանուր մակերեսը  46335.7 քմ է` չհաշված օժանդակ շինությունները և լողավազանը։  Համալիրի տարածքում կա նաև սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա։

Մի քանի տարի առաջ պտտվող լուրերի համաձայն, ՄՀՀ–ի սեփականատերերը 20 մլն դոլարի վարկ է վերցրել համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսի գրավով։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում կառուցվել է 1983 թվականին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվել է ընդհուպ մինչև վերակառուցում 1987 թվականի վերջին։ 1999 թվականին, հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։

2005 թվականի հոկտեմբերի 9–ին համալիրը 5.7 մլն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ հոլդինգին, որը պարտավորվել է այն վերակառուցել։ Նոր վերակառուցումը տևել է գրեթե 3 տարի, իսկ արժեքը կազմել է մոտ 42 մլն դոլար։

ՄՀՀ շենքը ուշ խորհրդային շրջանի ճարտարապետության գլուխգործոցներից է։ -0- -