Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+2

Երևանում «Կասկադ» մշակութային հանգույցի կառուցումը գնահատվում է մոտ 70 մլն դոլար. քաղաքապետ

08.12.2025, 11:42
Ամբողջ ծրագրի իրականացման արդյունքում ապահովվելու են ճանապարհային հանգույցներ, մուտքեր և ելքեր դեպի նոր կառուցվող մշակութային հանգույց, թաղամաս և քաղաքային այգի
Երևանում «Կասկադ» մշակութային հանգույցի կառուցումը գնահատվում է մոտ 70 մլն դոլար. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբեր․/ԱՌԿԱ/. «Կասկադ» մշակութային հանգույցի կառուցման համար նախատեսված ֆինանսավորումը գնահատվում է մոտ 70 մլն դոլար, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Ստորագրվել է շատ կարևոր համաձայնագիր, որն անցել է շատ դժվար փուլերով, և սա լուծում է տասնամյակներ շարունակ առկա խնդիրը։ Լուծվում է ոչ միայն քաղաքաշինության հարցը, այլև ստեղծվում են քաղաքի համար կենսականորեն կարևոր ենթակառուցվածքներ։ Քաղաքը կունենա գեղեցիկ համերգասրահ՝ ավելի քան 1000 նստատեղով, ժամանակակից արվեստի համար նոր թանգարանի տարածքներ և տարատեսակ հանրային տարածքներ, որոնք կպատկանեն քաղաքին», - նշել է Ավինյանը երկուշաբթի քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

«Այս ծրագիրը նաև ներառում է հարակից հատվածում գտնվող համայնքային հողամասի բարեկարգման և որպես քաղաքային այգի այն ձևավորելու նախաձեռնություն, որը ներդրումային առաջարկի մաս է»,-ասել է քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը։

Թևանյանի խոսքով, ամբողջ ծրագրի իրականացման արդյունքում ապահովվելու են ճանապարհային հանգույցներ, մուտքեր և ելքեր դեպի նոր կառուցվող մշակութային հանգույց, թաղամաս և քաղաքային այգի:

«Ծրագրի իրականացման նախատեսվող ժամկետը՝ շինարարության թույլտվության պահից հաշված, 5 տարիների ընթացքն է, որի ամբողջ ժամանակահատվածում պետք է հնարավոր լինի ապահովել մշակութային հանգույցի ամբողջական կառուցումը, և այն շահագործման ենթակա վիճակում համայնքին որպես սեփականություն ներդրողի կողմից փոխանցելը»,- ասել է նա: