Պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումը 2027թ․-ի հուլիսի 1-ից կիրականացվի X-Road համակարգով
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների միջև տվյալների փոխանակման շերտի կառավարման, ստեղծման և օգտագործման կարգին վերաբերող նախագիծը։
«Առաջարկում ենք, որպեսզի պետական մարմինների շտեմարանների միջև տվյալների փոխանցումն իրականացվի X-Road-ով, որը բարեհաջող գործարկվել և գործարկվում է Էստոնիայում, Ֆինլանդիայում և համարվում է առաջատար մոդել», - ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը:
Նրա խոսքով՝ մինչ այս ճարտարապետության ներդրումը պետական մարմինների պահոցների միջև ինֆորմացիայի փոխանցումն իրականացվում էր տարբեր մոդելներով, ինչպիսիք են «փակ ճարտարապետությունը», «բաց ճարտարապետությունը», API-ները և այլն:
«X-Road-ի տարբերակի պարագայում ունենալու ենք մի շարք առավելություններ։ Առաջինը պետական մարմինների տվյալների կրկնօրինակման բացառությունն է, անվտանգության, գաղտնիության ապահովման որակը բավականին բարձրանալու է։ Ապահովվելու են հետագծելիությունն ու թափանցիկությունը», - նշեց Մելիքսեթյանը:
Փոխնախարարն ընդգծեց, որ ներկայումս ինտեգրացիայի փուլում ներգրավված է 35 մարմին, որոնցից 20-ը պետական են, 15-ը՝ մասնավոր:
Նա հայտնեց, որ պետական մարմինների պարագայում ինտեգրացիան տվյալ համակարգին պարտադիր կլինի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը, իսկ մնացածի դեպքում` ըստ հայեցողության։