Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 28, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

Կառավարությունն ընդունեց 50 հազար դրամ պետտուրքի դիմաց վարորդական իրավունքի վերականգնման նախագիծը

Երեկ, 14:10
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց օրենքի նախագիծը, որով նախատեսվում է զրկվելուց հետո վարորդական իրավունքի վերականգնման պարզեցված կարգ
Կառավարությունն ընդունեց 50 հազար դրամ պետտուրքի դիմաց վարորդական իրավունքի վերականգնման նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/. Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց օրենքի նախագիծը, որով նախատեսվում է զրկվելուց հետո վարորդական իրավունքի վերականգնման պարզեցված կարգ։

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ նոր մոդելով քաղաքացին կկարողանա միայն մեկ անգամ վերականգնել վարելու իրավունքն՝ առանց որակավորման քննություններ հանձնելու՝ 50 հազար դրամի չափով պետական տուրք վճարելու դեպքում։

«Երկրորդ և հաջորդ անգամ զրկվելու պայմաններում վերականգնման ռեժիմը բացառապես քննությունների եղանակով է», - նշեց Սարգսյանը։

Նա պարզաբանեց, որ փորձաշրջանի համար վարորդին կտրամադրվի 6 բալային միավոր՝ ստանդարտ 13-ի փոխարեն, և դրանք սպառվելու դեպքում նա կրկին կզրկվի վարելու իրավունքից՝ մեկ տարի ժամկետով։

«Ունենք անցումային դրույթ մինչև այս պահը զրկված անձանց անդրադառնալու մասով։ Նախատեսել ենք 2020 թվականի հունվարի 1-ից հետո մինչև 2026 թվականի մայիս 1-ն ընկած ժամանակահատվածում զրկված անձնանց միայն մեկ անգամ վերականգնելու հնարավորություն տալ` կրկին նույն մոդելի կիրառման պայմաններում։ Այսինքն` համապատասխան պետական տուրքի վճարում, 13 բալի փոխարեն 6 բալի սահմանում և փորձաշրջանի ժամկետի ամրագրում», - ասաց Սարգսյանը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր փոխել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված քաղաքացիների վարորդական իրավունքի վերականգնման մեխանիզմը։