Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 27, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Օվերչուկը հայտնել է ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու դեպքում Հայաստանի համար առաջացող ռիսկերի մասին

Այսօր, 20:59
Հայաստանը կատարում է իր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում, և այս պահին միության իրավունքին հակասող կարգավորում չի արձանագրվել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը
Օվերչուկը հայտնել է ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու դեպքում Հայաստանի համար առաջացող ռիսկերի մասին

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/. Հայաստանը կատարում է իր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում, և այս պահին միության իրավունքին հակասող կարգավորում չի արձանագրվել, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի նորմատիվ ակտերի մշտական մոնիթորինգ է իրականացնում՝ միության իրավունքին դրանց համապատասխանության տեսանկյունից։

Ըստ ՏԱՍՍ-ի՝ ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, որ Հայաստանը կատարում է իր պարտավորությունները ԵԱՏՄ շրջանակում, քանի որ, նրա խոսքով, հասկանում է միությանը մասնակցության օգուտները և «այժմ չի շտապում դուրս գալ»։

Ընդ որում, Երևանի հայտարարած քաղաքական կուրսը, ինչպես նշել է Օվերչուկը, հակասության մեջ է մտնում ԵԱՏՄ հիմնական նպատակների հետ։ Օվերչուկը մատնանշել է, որ Հայաստանի իշխանությունների հայտարարած քաղաքական կուրսը կարող է երկիրը հասցնել կենսամակարդակի նվազման, տնտեսության և արտադրության անկման, ինչպես նաև էներգակիրների գների աճի։

ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու դեպքում, Օվերչուկի կարծիքով, արդարացի կլիներ հարց բարձրացնել նրան տրամադրվող արտոնությունների պահպանման վերաբերյալ։ «Եթե նրանք ուզում են լինել ինչպես Եվրոպայում, նշանակում է՝ գներն էլ նրանց մոտ պետք է լինեն այնպես, ինչպես Եվրոպայում է»,- ասել է նա։ Օվերչուկը նաև նշել է, որ ԵԱՏՄ ոչ մի երկիր չէր ցանկանա Հայաստանի դուրս գալը միությունից։ «Մենք որոշակի ազդակներ ենք հղում։ Եվ այդ ազդակները շատ լուրջ են»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերլուծել, թե ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը ինչ հետևանքներ կունենա բոլորի համար։