«ՀԷՑ»-ը շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարել է միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունները
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/. Օրերս «ՀԷՑ» ՓԲԸ կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9մլն ԱՄՆ դոլարի չափով մարում կատարեցինք, հայտարարել է ՀԷՑ-ի ժամանակավոր պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը։
«2025թ. հուլիս ամսվա դրությամբ՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պահին, Ընկերությունն ուներ վարկային պարտավորություններ միջազգային և տեղական բանկերի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները) գծով շուրջ 396,8 մլն. ԱՄՆ դոլարի չափով, որից միայն միջազգային բանկերին՝ շուրջ 123,3 մլն. ԱՄՆ դոլար (ընդ որում. Ընկերության 100% բաժնետոմսերի գրավադրմամբ)», - գրել է Պետրոսյանը Facebook-յան իր էջում:
Նա հայտել է, որ այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն. ԱՄՆ դոլար, որից միջազգային վարկերի գումարը՝ 93,2 մլն. ԱՄՆ դոլար:
«Ըստ այդմ, ժամանակավոր կառավարման շրջանում միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները նվազեցրել ենք մոտ 50մլն ԱՄՆ դոլարի չափով (այդ թվում՝ վաղաժամկետ մարումներով)», - հայտնել է Պետրոսյանը։
Նա նշել է, որ վճարումներն իրականացվել են բացառապես սեփական միջոցների հաշվին՝ ընթացիկ ֆինանսատնտեսական բնականոն գործառնություններին զուգահեռ, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման։
ՀԷՑ-ի մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն կառավարում է Հայաստանի միջին և ցածր լարման բաշխիչ ցանցերը՝ սպասարկելով մոտ 1 մլն բաժանորդի։ 2016 թ․-ից ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր» ընկերությունների խումբն է, որը միայն ընկերության արդիականացման համար ներդրել է մոտ 680 մլն դոլար, ևս մոտ 150-200 մլն դոլար ներդրվել է նոր հզորությունների ստեղծման համար։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը ձերբակալվել է 2025 թ․-ի հունիսի 18-ին, դեկտեմբերի 30-ից նրա նկատմամբ գործում է խափանման միջոց՝ տնային կալանք և գրավ։ Նա մեղադրվում է երեք դրվագով՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» (Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու մասին իր խոսքերից հետո), առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու և փողերի լվացման համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։