Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 27, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են

Այսօր, 20:07
Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են, հայտնում են ՍԱՏՄ-ից
Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/. Հայկական ձեռնարկություններում «Ռոսսելխոզնադզոր»-ի հետ համատեղ իրականացված ստուգումներն ավարտվել են, հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ինչպես հայտնում են տեսչական մարմնից, ՍԱՏՄ-ն և «Ռոսսելխոզնադզորի» ներկայացուցիչները քննարկել են մայիսի 20-27-ը հայկական անասնաբուժական և բուսասանիտարական ընկերություններում համատեղ իրականացված ստուգումների արդյունքները։

«Ստուգումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի օրեր անց, իսկ մինչ այդ երկու երկրների սննդամթերքի անվտանգության ոլորտները վերահսկող կառույցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել հետևողական իրականացնել սահմանային վերահսկողական միջոցառումները և հայ արտադրողների համար արտահանման մեծագույն հարթակներից մեկը համարվող ՌԴ շուկա արտահանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները բավարարող հայկական արտադրանք», - նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին

Ավելի վաղ «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել էր Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների, ինչպես նաև հայաստանյան երեք արտադրողների գինու և կոնյակի ներմուծումն ու շրջանառությունը Ռուսաստանում։

Բացի այդ, «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից ծաղկային և պարենային արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ մինչև ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով ռուս մասնագետների մասնակցությամբ տեսչական ստուգումների ավարտը։ Կարգավորողն ավելի վաղ հայտարարել էր նաև Հայաստանից ՌԴ մատակարարվող բանջարեղենի և մրգերի վերաբերյալ դժգոհությունների մասին։