ՌԴ-ն զգուշացրել է ՀՀ–ին գազի, նավթամթերքի և ադամանդի մատակարարման հնարավոր ամբողջական դադարեցման մասին դեպի ԵՄ-ի որդեգրած կուրսի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՌԴ-ն կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստանի հետ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը։
Ինչպես հաղորդում է «Կոմերսանտը», այս մասին նշված է ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլյովի նամակում, որը հասցեագրված է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
«Եվրոպական միության հետ Հայաստանի փոխգործակցության խորացմանն ուղղված շարունակվող գործնական քայլերը և ԵՄ-ին անդամակցելու՝ Հայաստանի կառավարության հայտարարած ձգտումը վտանգի տակ են դնում ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»,- ասված է նամակում։
Ցիվիլյովը գրում է, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի փորձերը «չեն համապատասխանում տասնամյակների ընթացքում մեր երկրների կառավարությունների և տնտեսվարող սուբյեկտների միջև հարգանքի, փոխշահավետության հիման վրա կառուցված գործընկերության բնույթին և արտոնյալ հիմունքներով Հայաստանի կրիտիկական կարևորության կարիքների ապահովման ուղղությամբ ՌԴ-ի կողմից բազմիցս ձեռնարկված գործնական քայլերին»։
2013 թվականի համաձայնագրով՝ Ռուսաստանն անժամկետ չեղարկել է նավթամթերքի, գազի և ադամանդների՝ Հայաստան մատակարարումների արտահանման մաքսատուրքերը։ Սա հերթական քայլն էր ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության ճանապարհին, որի կազմում այսօր ներառված են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը։ Համաձայնագրով Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ներքին սպառման ծավալներով՝ հաստատված ինդիկատիվ հաշվեկշիռներով, ընդ որում՝ արգելվում է վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով ամրագրվում է նաև, որ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ համաձայնագրի գործողության դադարեցման դեպքում շարունակում են գործել Հայաստանի պարտավորությունները՝ Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները որպես ՌԴ հանդեպ պետական պարտք ճանաչելու վերաբերյալ՝ մինչև դրանց ամբողջական կատարումը։
«ԱՌԿԱ» գործակալությունը հարցում է ուղարկել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։
Հայաստան գազի մատակարարումների մասին
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն ռուսական «Գազպրոմ» հոլդինգի 100%-անոց դուստր ձեռնարկությունն է, Ռուսաստանից Հայաստան ներքին սպառման համար բնական գազի մենաշնորհային մատակարարը։ Գազի մատակարարումներն իրականացվում են Վրաստանի տարածքով տարանցմամբ, սահմանին ռուսական գազի գինը կազմում է $165՝ հազար խորանարդ մետրի դիմաց։
2009 թվականի մայիսի 15-ից Հայաստանը գազ է ստանում նաև Իրանից՝ Իրան-Հայաստան գազատարով։ «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում իրանական «կապույտ վառելիքը» հայկական տարածքում վերամշակվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է ԻԻՀ արտահանման համար՝ 3 կՎտժ՝ 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց հաշվարկով։
2023 թվականի օգոստոսին Հայաստանն ու Իրանը մինչև 2030 թվականը երկարաձգել են «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի գործողության ժամկետը, որը նախատեսում է գազի ներկրման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների ավելացում։