Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը կլինի +40-42 աստիճան

04.08.2025, 12:31
ՀՀ-ում սպասվում է տաք օգոստոս՝ սակավ տեղումներով
Երևանում օգոստոսի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը կլինի +40-42 աստիճան

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում սպասվում է բավականին տաք օգոստոս՝ սակավ տեղումներով, օգոստոսի առաջին տասնօրյակում Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +40-42 աստիճան, ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։

«Օգոստոսին հանրապետությունը հիմնականում կգտնվի հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքի ազդեցության տակ։ Արդյունքում, օգոստոսին միջին ամսական օդի ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմայական նորմայից 2-3 աստիճանով բարձր, տեղումների քանակը՝ նորմայից ցածր», - երկուշաբթի կայացած մամուլի ասուլիսում ասել է Սուրենյանը։

Նրա խոսքով՝ օդի ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի օգոստոսի առաջին տասնօրյակում։

«Առաջիկա օրերին Շիրակի մարզում ցերեկը առավելագույն օդի ջերմաստիճանը կտատանվի +32-36 աստիճանի սահմաններում, Կոտայքի լեռներում՝ +32-36 աստիճանի, նախալեռնային գոտիներում՝ +36-39 աստիճանի, Գեղարքունիքում՝ +31-35 աստիճանի, Լոռիում՝ +32-35 աստիճանի, Տավուշում՝ +36-39 աստիճանի, Արագածոտնի լեռներում՝ +30-34 աստիճանի, նախալեռնային գոտիներում՝ +36-40 աստիճանի, Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի նախալեռնային գոտիներում՝ +40-42 աստիճանի, Վայոց Ձորի լեռներում՝ +30-34 աստիճանի, Սյունիքի հովտում (Մեղրի, Ագարակ, Կապան և հարակից տարածքներ)՝ +39-42 աստիճանի, Սյունիքի լեռներում՝ +32-35 աստիճանի, նախալեռնային գոտիներում՝ +32-36 աստիճանի սահմաններում», - ասել է Սուրենյանը։

Սուրենյանը նշել է, որ օգոստոսի առաջին տասնօրյակում Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +40-42 աստիճանի սահմաններում։

«Ամսվա երրորդ տասնօրյակում, երբ տեղի է ունենում է ցուրտ օդային հոսանքների ներթափանցում, Շիրակի մարզում գիշերային նվազագույն ջերմաստիճանը կարող է իջնել մինչև +5-8 աստիճան, Կոտայքի լեռներում՝ +6-9 աստիճան, նախալեռնային գոտիներում՝ +11-13 աստիճան, Գեղարքունիքում՝ +5-9 աստիճան, Լոռիում՝ +6-10 աստիճան, Տավուշում՝ +9-13 աստիճան, Արագածոտնի լեռներում՝ +5-9 աստիճան, Արարատի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերի նախալեռնային գոտիներում, Սյունիքի հովտում՝ +13-16 աստիճան, Վայոց Ձորի լեռներում՝ +6-10 աստիճան, Սյունիքի լեռներում՝ +5-8 աստիճան, նախալեռնային գոտիներում՝ +6-10 աստիճան», - ասել է Սուրենյանը։

Գագիկ Սուրենյանի խոսքով, տեղումների քանակը հանրապետության տարածքում հուլիսին բաշխվել է խիստ անհավասարաչափ։ Հիմնականում հյուսիսային շրջաններում՝ Տավուշում, Լոռիում Սյունիքում թափվել է տեղումների ամսական քանակի 100-170 տոկոսը։

«Բայց նաև ունենք հատվածներ, օրինակ Արարատի հատվածը, որտեղ տեղումների քանանակը կազմել է ամսական նորմայի ընդամնեը 4 տոկոսը, իսկ Մեղրիի հատվածում ընդհանրապես տեղումներ չեն եղել։ Երևանում նույնպես խիստ անհավասարաչափ են եղել տեղումներ. որոշ հատվածներում տեղումների քանակը կազմել է ամսական նորմայի 180 տոկոսը, որոշ հատվածներում էլ՝ ընդամենը 35 տոկոսը։

Նա նաև հավելել է, որ գիշերը Երևանում օդի նվազագույն ջերմաստիճանը կանխատեսվում է +13-15 աստիճան Ցելսիուսի սահմաններում։