ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հարցաքննվել է
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Պանամական օֆշորային սկանդալին վերաբերող գործի քննության շրջանակում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարցաքննվել է ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը` հղում անելով Pastinfo–ին։
ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի՝ Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը, հատկանիշներով, քրեական գործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր Պողոսյանին առնչվող օֆշորային սկանդալի վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա։
Հետաքննող–լրագրողների միջազգային կոնսորցիումի հրապարակած փաստաթղթերում կան նաև ընկերություններ, որոնք պատկանում են ՀՀ ԴԱՀԿ ծառայության նախկին պետին։ Լրագրողական հետաքննությամբ զբաղվող Hetq.am կայքի տվյալներով` Պողոսյանը Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է («Sigtem Real Estates Incorporated», «Hopkinten Trading Incorporated» և «BANGIO INVEST S.A»)։
Ինչպես հաղորդվում էր, համաշխարհային խոշորագույն ԶԼՄ–ները հրապարակել են բազմաթիվ փաստաթղթեր, որտեղ նշվում է, որ Պանամայում գտնվող Mossack Fonseca ընկերությունը կանոնավոր կերպով օգնում էր հաճախորդներին «լվանալ» փողերը, խուսափել պատժամիջոցներից և հարկերից։ –0–