Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-4

Պրոֆեսիոնալների թվի ավելացումը հայկական ԶԼՄ–ների որակի բարձրացման կբերի

02.09.2013, 13:06
Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցը և ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը մեդիա ոլորտում նոր նախագիծ են սկսում` համատեղ Մեդիա Դպրոց։ Նախագծի, հայկական մեդիատարածքի ներկա վիճակի և լրատվության ոլորտի առկա խնդիրների լուծման ուղիների մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմեց ՀՌՀ Բիզնես դպրոցի տնօրեն Արթուր Յավրույանը։
Պրոֆեսիոնալների թվի ավելացումը հայկական ԶԼՄ–ների որակի բարձրացման կբերի
Հայ–Ռուսական (Սլավոնական) համալսարանի բիզնես դպրոցը և ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը մեդիա ոլորտում նոր նախագիծ են սկսում` համատեղ Մեդիա Դպրոց։ Նախագծի, հայկական մեդիատարածքի ներկա վիճակի և լրատվության ոլորտի առկա խնդիրների լուծման ուղիների մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատմեց ՀՌՀ Բիզնես դպրոցի տնօրեն Արթուր Յավրույանը։

«ԱՌԿԱ» –Ձեր նախագծի շրջանակներում իրականացվող կրթությունը ինչո՞վ կտարբերվի հայկական բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների տրամադրածից։  

Ա.Յավրույան
– Ես չգիտեմ մեկ այլ ատյան, որը միավորում է ակադեմիական և բիզնես կրթությունը։ Տվյալ պահին մենք առաջարկում ենք համատեղում` մարդը ստանում է ակադեմիական կրթություն և ոչ միայն ժուռնալիստիկայի բնագավառում։ Օրինակ` ռեժիսուրա, օպերատորական գործ, հեռուստա-ռադիոհաղորդավար, պրոդյուսերական վարպետություն, ժուռնալիստիկայի ոլորտի գործարար վարչարարության մագիստրոս, ինչը Հայաստանում այժմ ոչ ոք չի առաջարկում, դրանք բացառիկ նախագծեր են։ Միաժամանակ տեսական գիտելիքներ ստանալով մեր ուսանողները, կախված մասնագիտությունից (հեռուստա-ռադիոհաղորդավար, ռադիոհաղորդավար, հեռուստահաղորդավար, լրագրող, պրոդյուսեր) զուգահեռ պրակտիկա կանցնեն Հայաստանի ամենամեծ մեդիաընկերությունում` ՊանԱրմենիան Մեդիա Գրուպում։ Ուզում եմ ընդգծել, որ սա միայն ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի համար նախատեսված կորպորատիվ դպրոց չէ, լավագույն կադրերը կարող են աշխատանքի անցնել ինչպես այդ ընկերությունում, այնպես էլ այլ հեռուստա-ռադիոընկերություններում։

Դպրոցի հիմնական խնդիրը լրատվության ոլորտում կադրերի ուսուցումն է, որակի բարձրացումը, միջազգային մասնագետների հետ փորձի փոխանակումը։ Անպայման մասնագետներ կհրավիրվեն առաջին հերթին Ռուսաստանից, այդ երկրներից, ՀՌՀ–ի, ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի գործընկերները և ոչ միայն։

«ԱՌԿԱ» – Ի դեպ` դասախոսների մասին։ Կա՞ն արդեն կոնկրետ պայմանավորվածություններ, թե հայտնի մասնագետներից ովքեր են դասավանդելու։

Ա.Յավրույան
– Օրինակ` հաղորդավարների, հեռուստա-ռադիոհաղորդավարների դասընթացներին, որոնք ոչ առաջին տարին են անցկացվում, կդասավանդեն, օրինակ, Հրանտ Թոխատյանը, ԱՏԵՔՍ (իմիջ–դիզայն) ստուդիայի ներկայացուցիչ Աննա Հեքեքյանը (խոսքի վարպետություն) և այլն։ Այժմ, բնականաբար, ծրագիրը փոքր–ինչ կփոխվի, հետևաբար կվերանայվի նաև դասախոսական կազմը։ Մենք հակված ենք ներգրավել առաջին հերթին նաև ԱՊՀ երկրների մեր գործընկերներին։ Կներգրավվեն մասնագետներ Եվրոպայից, Ամերիկայից, սակայն սկզբնական փուլում մենք չէինք ցանկանա բարձրացնել գնային շեմը։ Այսօր ուսման վարձը ԳՎՄ–ի ծրագրով կազմում է 1250000 դրամ։ Մենք փորձում ենք լավագույն, հնարավոր առավելագույն որակ տալ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Դա ՀՌՀ բիզնես դպրոցի և  մեր գործընկեր ՊանԱրմենիան Մեդիա Գրուպի թիվ մեկ նպատակն է։ Եվ դրա համար մենք կներգրավենք Հայաստանի լավագույն մասնագետներին։

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս կբնութագրեք հայկական մեդիատարածքի ներկա վիճակը։

Ա.Յավրույան
– Բնականաբար, եթե ես համարեի, որ դրությունը շատ լավ է, ապա այս դպրոցի ստեղծման նախաձեռնողը չէի դառնա։ Մենք շատ խնդիրներ ենք տեսնում, գործող մասնագետների որակի բարձրացման անհրաժեշտություն կա։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով հեռուստացույց է դիտում կամ ռադիո է լսում, նկատում է, որ որակը զիջում է։  Ինձ թվում է, որ դրանում մեղքն առաջին հերթին ուսումնական հաստատություններինն է, որոնք որակի բարձրացման ծառայություններ չեն առաջարկում, չնայած, ցավոք, մյուս կողմից շուկայի կողմից մեծ պահանջարկ չի եղել։ Եվ ահա, ՀՌՀ–ի բիզնես դպրոցը և ՊանԱրմենիան Մեդիա Գրուպը որոշեցին համախմբել իրենց ջանքերը և բոլոր ցանկացողներին առաջարկել ստանալ ոչ միայն տեսական, այլ գործնական գիտելիքներ։ Տարբեր բուհերի բազմաթիվ ֆակուլտետներ տալիս են հատկապես ժուռնալիստիկայի հմտություններ, սակայն, օրինակ պրոդյուսերներ Հայաստանում, կարելի է ասել, ոչ ոք չի պատրաստում։ Հիմնականում պրոֆեսիոնալները Հայաստանում չեն սովորել, և նրանք մի քանիսն են։

«ԱՌԿԱ» – Դուք մտավախություն չունե՞ք, որ Ձեր պատրաստած մասնագետները կսկսեն աշխատել անորակ, դեղին ԶԼՄ–ներում և ստիպված կլինեն ենթարկվել որակի նրանց պահանջներին։

Ա.Յավրույան
– Եթե մենք մշտապես որակ ստեղծենք, նաև կաճի այն մարդկանց թիվը, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է աշխատեն, ովքեր հաճույք չեն ստանում այն անորակությունից, որի մասին խոսում եք, ապա վաղ թե ուշ կգործի քանակի  արդյունքը։ Եթե շատ մարդիկ լինեն, ովքեր կցանկանան որակյալ աշխատել, այսպես թե այնպես որակյալ կսկսեն աշխատել նաև ընկերությունները։ Դեռևս նրանք չգիտեն ինչպես աշխատել, նրանք անում են այն, ինչը նրանցից պահանջում են։ Մենք շատ ենք ուզում պրոֆեսիոնալների պատրաստել, ովքեր գիտեն ինչ պետք է անել։ Նրանք չեն հարկադրի, այլ կառաջարկեն իրենց գործատուներին որոշ շեշտադրումներ, մոտեցումներ, որոնք ազդակ կհաղորդեն լրատվական ընկերություններին։

«ԱՌԿԱ» – Այդ նախագիծն ուղղված է միայն Հայաստանի՞ քաղաքացիներին, թե՞ նախատեսում եք դուրս գալ տարածաշրջանային կամ միջազգային մակարդակի։

Ա.Յավրույան
– Իհարկե, հեռանկարում մենք մեզ տեսնում ենք որպես տարածաշրջանային դպրոց, սակայն սկզբի համար կցանկանայինք զարգացնել մեր շուկան, օգնել մեր մասնագետներին։ Սակայն չենք բացառում այն հնարավորությունը, որը շատ մոտ ապագայում մեր ծառայությունները կառաջարկենք նաև հարևան հանրապետություններին, և ոչ միայն։ Կարծում եմ, որ մեդիադպրոցը կհետաքրքրի Իրանի, Վրաստանի, ՌԴ Հարավային դաշնային օկրուգի ուսանողներին։ –0–