Վարչապետն առցանց ասուլիս կանցկացնի ELARD-ի հետ
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ հանդիպել է ջերմուկցիների հետ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հարցերով և հանդիպումների ընթացքում հայտնել է, որ առցանց ասուլիս կանցկացնի Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերության ներկայացուցիչների հետ, որի ընթացքում, վարչապետի խոսքով, կբարձարցվեն հասարակությանը հուզող բոլոր հարցերը։
«Հինգշաբթի կամ ուրբաթ առցանց ասուլիս կունենանք։ Մենք կհայտնենք, որ Հայաստանում վեճեր կան կազմված եզրակացության վերաբերյալ, և թող նրանք անձամբ հայտնեն իրենց եզրակացության մասին։ Ամբողջ խոսակցությունը կթարգմանվի, կտեսագրվի և կհրապարակվի»,– ասաց նա։
Միաժամանակ վարչապետը դիմեց քաղաքացիներին` ընկերությանը տրվող հարցեր կազմելու առաջարկով։
«Ես անձամբ կվարեմ զրույցն այնպես, որ վերջում հնչեն կոնկրետ պատասխաններ և տարընթերցման տեղ չլինի»,– ասաց Փաշինյանը։
Ամուլսարի հանքավայրի աշխատանքը, որի շահագործմամբ զբաղվում է Lydian Armenia ընկերությունը, արդեն կես տարուց ավելի է, ինչ դադարեցված է` Ջերմուկում և Սևանում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձագիտական գնահատական ստանալու նպատակով։
Օգոստոսի 15–ին Հայաստանի քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանը ներկայացրել է միջազգային փորձագիտական խմբի եզրակացությունը, որի համաձայն, բնապահպանական սպառնալիքներ չկան, իսկ հավանականները հնարավոր է վերահսկել քայլերի ձեռնարկմամբ։
Փորձաքննությունն անցկացվել է Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը Քննչական կոմիտեում 2018 թվականի հուլիսի 20–ին հարուցված քրեական գործի շրջանակում։ Փորձաքննության նպատակն Ամուլսարի հանքավայրի շահագործման բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատումն է։ -0-