Երևանում մեկնարկել է FINTECH360 միջազգային համաժողովը
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Երևանում մեկնարկել է FINTECH360 միջազգային համաժողովը, որը համախմբել է ավելի քան 400 մասնակիցների տարբեր երկրներից:
«Ֆինանսական ինդուստրիան այսօր ապրում է ոչ թե պարզապես թվայնացման փուլ, այլ խորը կառուցվածքային տրանսֆորմացիա։ Փոխվում են ոչ միայն տեխնոլոգիաները, այլև ֆինանսների տրամաբանությունը», — բացման արարողության ժամանակ հայտարարեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ սա դարձել է նոր օպերացիոն իրականություն բանկերի, վճարային համակարգերի և ողջ ֆինանսական ենթակառուցվածքի համար:
«Տեխնոլոգիաները սկսում են որոշել մրցունակությունը։ Արհեստական բանականությունը, ավտոմատացումը, սրանք արդեն ոչ թե արդյունավետության, այլ երկարաժամկետ հեռանկարում բանկերի գոյատևման մասին են», — նշեց Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ այնպիսի հարթակները, ինչպիսին FINTECH360-ն է, երկխոսության տարածք են ստեղծում շուկայի մասնակիցների միջև:
«Հայաստանը հետաքրքիր դիրք է զբաղեցնում. մի կողմից այն ունի փոքր շուկա, մյուս կողմից՝ տեխնոլոգիաների հարմարվողականության բարձր արագություն, ճկունություն և բացություն նորարարությունների հանդեպ: Սա հնարավորություններ է ստեղծում գործընկերության զարգացման, փորձի փոխանակման և տարածաշրջանում աճի նոր կետերի որոնման համար», — ասաց Հակոբյանը:
Նա համոզմունք հայտնեց, որ համաժողովի առանցքային արժեքը կլինեն ոչ միայն գաղափարները, այլև կոնկրետ պայմանավորվածությունները, որոնք ձեռք կբերվեն միջոցառման ընթացքում:
FINTECH360 համաժողովը նվիրված է ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտի առանցքային միտումներին, նոր հնարավորություններին և ֆինանսական ոլորտում նորարարական մոտեցումներին: Ծրագրում ներառված են նիստեր՝ նվիրված ֆինանսական ծառայությունների թվային տրանսֆորմացիային, բանկային հատվածում ԱԲ-ի կիրառմանը, բիոմետրիային և թվային նույնականացմանը, էլեկտրոնային առևտրին, վճարային նորարարություններին, տվյալների պաշտպանությանը, անհատականացմանը, իրական ակտիվների տոկենացմանը, կրիպտոարժույթներին և բլոկչեյնին:
«ԱՌԿԱ» գործակալությունը FINTECH360 համաժողովի ինֆորմացիոն գործընկերն է: