Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-4

Կներդրվի 5,5 մլրդ դրամ Դալարիկում նեկտարինի և սալորի ինտենսիվ այգիներ հիմնելու համար

11.09.2025, 20:17
Այգու ոռոգումն իրականացվելու է կաթիլային ոռոգման համակարգով, այն պաշտպանված է լինելու կարկտապաշտպան համակարգով, մեկ հեկտար հողակտորի վրա տնկվելու է շուրջ 1,642 ծառ
Կներդրվի 5,5 մլրդ դրամ Դալարիկում նեկտարինի և սալորի ինտենսիվ այգիներ հիմնելու համար

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կառավարության որոշմամբ «ՍԼԳ ԱԳՐՈ» ՓԲԸ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Ընկերությունը ներմուծվող ապրանքներով նախատեսում է իրականացնել արդիական տեխնոլոգիաների ներդրմամբ ինտենսիվ այգիների հիմնման ներդրումային ծրագիր։

Ընկերությունը ներդրումային ծրագիրն իրականացնում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Դալարիկ վարչական շրջանի հողամասերում, որտեղ պլանավորվում է 2025-2027թթ.-ին հիմնել նեկտարինի և սալորի 207.35 հա ինտենսիվ այգիներ, իսկ 6.2322 հա հողամասում՝ այգիների սպասարկմանն օժանդակող շինություններ՝ ադմինիստրատիվ գոտի։

Այգու ոռոգումն իրականացվելու է կաթիլային ոռոգման համակարգով, այն պաշտպանված է լինելու կարկտապաշտպան համակարգով, մեկ հեկտար հողակտորի վրա տնկվելու է շուրջ 1,642 ծառ։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ընդհանուր շուրջ 5.5 մլրդ դրամի ներդրում լարասյունային համակարգի և հակակարկտային ցանցի ձեռքբերման և տեղադրման, կաթիլային ոռոգման և պարարտացման համակարգերի ձեռքբերման և տեղադրման, ծառերի և գյուղտեխնիկայի ձեռքբերման, իսկ մնացած մասը այլ աշխատանքների իրականացման համար։

Մինչև 2026 թվականը նախատեսվում է ստեղծել 150 նոր աշխատատեղ՝ 230 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 600.5 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 59 մլն դրամ: