Արդշինբանկը միացել է Շառլ Ազնավուրի անվանական անտառի ստեղծման նախաձեռնությանը
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի․/ԱՌԿԱ/․ Արդշինբանկը, շարունակելով համագործակցությունը «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության հետ, 4 մլն ՀՀ դրամի չափով ֆինանսավորել է Շառլ Ազնավուրի անվանական անտառի ստեղծման աշխատանքները, հաղորդում է Արդշինբանկի մամուլի ծառայությունը։
Նախաձեռնությունը նվիրված է Շառլ Ազնավուրի ծննդյան օրվան և նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել աշխարհահռչակ հայի հարուստ ժառանգությանը՝ միաժամանակ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանը, կլիմայական փոփոխության մեղմմանը և Հայաստանի համայնքների կայուն զարգացմանը։ Անտառի տարածքը գտնվում է Շիրակի մարզի Ձորաշեն գյուղի հարակից տարածքում:
Արդշինբանկի վարչության անդամ, ռիսկերի կառավարման տնօրեն Լուսինե Ներսիսյանի խոսքով՝ բնապահպանական նախաձեռնությունները բանկի սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր ուղղություններից են․
«Արդշինբանկը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն բանկը, մեծապես կարևորում է երկրում սոցիալական պատասխանատվության մասին բարձրաձայնելն ու դրանում ակտիվ մասնակցություն ունենալը։ Մենք ուզում ենք, որ բոլորը մեզ հետ միասին կարևորեն այս խնդիրը․ խոսքը պատասխանատվության և ապագա սերունդների համար ավելի առողջ միջավայր ձևավորելու մասին է»։
Մայիսի 9-ին կազմակերպված ծառատնկման աշխատանքներին մասնակցել են Արդշինբանկի աշխատակիցները՝ իրենց անձնական ներդրումն ունենալով նախաձեռնության կյանքի կոչման գործում։ Ծառատունկի ընթացքում տնկվել է 300 սոճի։ Արդշինբանկի ֆինանսավորմամբ նախատեսվում է ընդհանուր առմամբ տնկել շուրջ 5,000 ծառ՝ 1 հեկտար տարածքում։
Նախագիծը առանձնահատուկ է նաև իր գաղափարական բաղադրիչով․ անտառում տեղադրվելու են արևային էներգիայով աշխատող երաժշտական սյուներ, որոնցից կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները՝ այցելուների համար ձևավորելով յուրահատուկ միջավայր։
Արդշինբանկը շարունակում է զարգացնել նաև սեփական անվանական անտառի ծրագիրը՝ համագործակցելով «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ։ 2024 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում Լոռու մարզում արդեն տնկվել է ավելի քան 20,000 ծառ՝ շուրջ 6 հեկտար տարածքում, ինչպես նաև իրականացվել են լրացուցիչ ծառատնկումներ Գեղարքունիքի մարզում։ Երկարաժամկետ կտրվածքով ծրագիրը նախատեսում է առաջիկա 30 տարիների ընթացքում տնկված ծառերի հաշվին կլանել մոտ 2,000 տոննա CO₂ արտանետումներ՝ նպաստելով Հայաստանի անտառային ֆոնդի ընդլայնմանը։
«Այս նախաձեռնությունները կարևոր նշանակություն ունեն հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանի անտառածածկը կազմում է շուրջ 10 տոկոս, ինչը զգալիորեն ցածր է մեր հարևան երկրների ցուցանիշներից»,- նշեց Լուսինե Ներսիսյանը։
«Իմ անտառ Հայաստան» կազմակերպությունը վերջին տարիներին իրականացրել է ավելի քան 2.3 միլիոն ծառերի տնկման և անտառվերականգնման աշխատանքներ՝ ընդգրկելով շուրջ 750 հեկտար տարածք՝ միաժամանակ աջակցելով տեղական համայնքների զարգացմանը։
Արդշինբանկում կայուն զարգացումը դիտարկվում է որպես ռազմավարության առանցքային ուղղություններից մեկը, և բանկը շարունակելու է իրականացնել շրջակա միջավայրի պահպանմանն ու համայնքների զարգացմանն ուղղված երկարաժամկետ ծրագրեր։
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: