Հայկական բիզնեսը պետք է պատրաստ լինի Թուրքիայի հետ մրցակցության սահմանների բացման դեպքում․ ՀԱԳՄ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայկական բիզնեսը պետք է նախապես պատրաստվի մրցակցության նոր պայմաններին տարածաշրջանային հաղորդակցությունների և հայ-թուրքական սահմանի բացման դեպքում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը Կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։
Անդրադառնալով աշխարհաքաղաքական փոփոխությունների, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման, հայ-թուրքական հարաբերությունների հաստատման և հարևան երկրների հետ նոր շփումների պայմաններում ձեռնարկատիրության ապագային՝ Ղազարյանը կոչ է արել վերլուծությունների հիման վրա հասկանալ և նախապես պատրաստվել մրցակցային միջավայրի դրական և բացասական մարտահրավերներին։
ՀԱԳՄ նախագահի խոսքով՝ սահմանների սպասվող բացումը ենթադրում է գոյություն ունեցող շուկայական մարքեթինգի և ներմուծման ողջ քաղաքականության փոփոխություն։
Նշվել է, որ Թուրքիան խոշոր անդրազգային կորպորացիաների կենտրոն է, տեխնոլոգիապես ավելի զարգացած է, քան 10–20 տարի առաջ էր, հատկապես առևտրի ոլորտում։ Մասնավորապես, նրա խոսքով, էլեկտրական տեխնիկա և սարքավորումներ ներկրողներն ակամա աշխատելու են այդ շուկայի հետ, ինչին պետք է պատրաստ լինել։
«Հարևան երկրի մենեջմենթի կրթական մակարդակն անհամեմատ բարձր է։ Թեև մենք բազմիցս արձանագրել ենք, որ հայկական ձեռնարկատիրությունը կայացել է, այնուամենայնիվ գոյություն ունի կլանման, դուրսմղման վտանգ», — ընդգծել է Ղազարյանը։
Մայիսի 13-ին Անկարան հայտարարեց Թուրքիայի և Հայաստանի միջև ուղղակի առևտրի մեկնարկի նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Երևանում նշեցին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը մաքսային առումով հնարավոր է դարձել ուղղակիորեն՝ առանց վերաձևակերպումների։