Հայաստանում գործարկվել է Zeyro-ն՝ հայկական առաջին արհեստական բանականությունը (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում նախօրեին տեղի ունեցավ հայկական առաջին արհեստական բանականության (ԱԲ) պաշտոնական ներկայացումը։
Այն Zeyro հավելվածն է, որը գործարկվեց՝ նոր ստանդարտներ սահմանելու և ժամանակակից շարժունակության ու թվային ծառայությունների տրամաբանությունը վերաձևակերպելու համար։
Հավելվածը վերջին օրերին հանրային ուշադրության կենտրոնում հայտնված զեբրիկն է, որը լայն արձագանք է ստացել թվային հարթակներում և այժմ ամբողջացնելու է իր իմաստն ու նշանակությունը հայկական ԱԲ-ի պաշտոնական մեկնարկի շրջանակում։
Zeyro-ն հայերեն խոսելուց բացի տիրապետում է նաև բարբառներին և գիտի հայոց պատմությունն ու գրականությունը։ Zeyro-ի հիմնադիր Սամվել Թադևոսյանը պատմում է, որ ամեն բան սկսվեց 9 ամիս առաջ 17 -ամյա հեղինակի առաջարկից։
«Փորձագետներ հրավիրեցինք՝ հասկանալու առաջարկի էությունն ու պարզվեց, որ այն բավականին խելամիտ ծրագիր է»,-ասաց Թադևոսյանը։
Հենց այս վստահությունն էլ հիմք դարձավ, որպեսզի նախագիծը վերածվի մասշտաբային տեխնոլոգիական պրոդուկտի, որն այսօր առաջարկում է բացառիկ հնարավորություններ։
Հեղինակի՝ Արման Ասատրյանի խոսքով գաղափարն առաջացել է այն պարզ պատճառով, որ անհրաժեշտություն կար ստեղծելու մի գործիք, որը կաշխատեր իր փոխարեն։
«Ես միշտ նեղվում էի այն բանից, որ ինձ շեղում էին իմ ընթացիկ զբաղմունքից՝ այլ գործում ներգրավելու խնդրանքով։ Այստեղ ծնվեց մի գաղափար, որ պետք է ստեղծել մի գործիք, որն իմ փոխարեն կկատարեր այն»,-ասաց Ասատրյանը։
Եգոր Գլումովն էլ նշեց, որ որպես Zeyro-ի ամբասադոր, մեծ ակնկալիքներ ունի հավելվածից։
«Հպարտ եմ, որովհետև սա հայկական արհեստական բանականություն է, միաժամանակ, հայկական լինելով՝ այն չի զիջում միջազգային չափանիշներով ստեղծած ԱԲ-ին»,-ասաց Գլումովը՝ վստահեցնելով, որ սիրով կօգտագործի հայկական մոդելը։
Հավելվածում առկա է նաև տաքսի ծառայությունը, որի համար բավական է միայն 1 կարճ հրահանգը, իսկ վարորդների համար գործում է 17.6 % միջնորդավճար, որը զգալիորեն տարբերվում է շուկայականից։ Zeyro-ն իր հնարավորություններով լիարժեք համապատասխանում է արհեստական բանականության միջազգային չափանիշներին։ Միաժամանակ համակարգից օգտվելը ամբողջովին անվճար է։
Միջոցառումն ուղեկցվեց կենդանի ջազային կատարումներով, ինչպես նաև՝ նախագծի հեղինակերի ու ներկաների միջև անմիջական շփումներով, որը հստակ ազդակ է շուկային, գործընկերներին և հանրությանը։
Zeyro-ն սահմանում է նոր ստանդարտներ` ձևավորելով ծառայությունների նոր որակ։
Այն արդեն պաշտոնապես գործարկվել է և հնարավոր է ներբեռնել App Store-ից և Googl Play-ից։