Freedom House-ը Հայաստանը կրկին դասել է «մասամբ ազատ երկրների» շարքին
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2026. ավտոկրատիայի աճող ստվերը» զեկույցի համաձայն՝ Հայաստանը շարունակում է մնալ «Մասամբ ազատ» երկրների շարքում՝ ստանալով 100 հնարավոր միավորից 54-ը, իսկ համացանցի ազատության համար՝ 100-ից 72 միավոր։
«Քաղաքական իրավունքներ» ոլորտում ՀՀ-ն ստացել է 23 միավոր 40-ից, «Քաղաքացիական ազատություններ» ոլորտում՝ 31 միավոր 60-ից։
Հայաստանի վերաբերյալ բաժնում նշվում է, որ 2018 թվականից հետո երկրում նկատվել է առաջընթաց ժողովրդավարական գործընթացներում, սակայն պահպանվում են կառավարման կառուցվածքային խնդիրները։ Ժողովրդավարական ինստիտուտները մնում են ոչ բավարար կայուն, դատական համակարգի անկախությունը սահմանափակված է քաղաքական գործոնների ազդեցությամբ, իսկ մեդիա միջավայրը բևեռացված է և կապված քաղաքական ու բիզնես խմբերի հետ։ Պետական գրաքննության բացակայության պայմաններում տեղեկատվական բազմակարծությունը մնում է սահմանափակ։
Զեկույցի հեղինակները մատնանշում են 2018 թվականից հետո առաջընթացի դանդաղումը և իրավիճակը բնութագրում որպես «պլատոյի» վիճակ (stagnation plateau):
Տարածաշրջանում Հայաստանի հարևանների թվում «մասամբ ազատ երկրի» կարգավիճակ է ստացել նաև Վրաստանը՝ 51 միավոր։ Ադրբեջանը (6 միավոր), Իրանը (10) և Թուրքիան (32) ճանաչվել են «ոչ ազատ երկրներ»։
Freedom House-ի զեկույցն ընդգրկում է 195 երկրների և 13 տարածքների իրավիճակը։ Յուրաքանչյուր երկրի և տարածքի համար վերլուծվում են ընտրական գործընթացը, քաղաքական բազմակարծությունն ու մասնակցությունը, կառավարության գործունեությունը, արտահայտվելու և համոզմունքների ազատությունը, միավորումների և կազմակերպությունների իրավունքները, օրենքի գերակայությունը, անձնական ինքնավարությունը և անհատական իրավունքները։
Ընթացիկ զեկույցում «ազատ» է ճանաչվել 88 երկիր և 1 տարածք, «մասնակի ազատ»՝ 48 երկիր և 4 տարածք, «ոչ ազատ»՝ 59 երկիր և 8 տարածք։
Նշվում է, որ քաղաքական իրավունքները և քաղաքացիական ազատությունները վատթարացել են 54 երկրում, մինչդեռ բարելավումներ են գրանցվել 35 երկրում: