Рейтинг@Mail.ru
USD
368.63
EUR
431.78
RUB
5.0126
GEL
137.44
2026 թ. մայիսի 13, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայկական բիզնեսը պետք է պահպանի ռուսական շուկան, բայց նաև այլընտրանքներ փնտրի Եվրոպայում. ՀԱԳՄ նախագահ

Այսօր, 17:10
Հայ գործարարները պետք է լավ ուսումնասիրեն և պատրաստվեն եվրոպական խոշոր շուկա դուրս գալուն, քանի որ տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը հասունացել է
Հայկական բիզնեսը պետք է պահպանի ռուսական շուկան, բայց նաև այլընտրանքներ փնտրի Եվրոպայում. ՀԱԳՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․   Հայ գործարարները պետք է լավ ուսումնասիրեն և պատրաստվեն եվրոպական խոշոր շուկա դուրս գալուն, քանի որ տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը հասունացել է։

 Այս մասին հայտարարել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության (ՀԱԳՄ) նախագահ Արսեն Ղազարյանը կազմակերպության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։

Նա նշել է, որ դիվերսիֆիկացման մասին խոսվում է արդեն վաղուց, սակայն գործնական քայլեր չեն ձեռնարկվել։

ՀԱԳՄ նախագահի խոսքով՝  ներկա զարգացումների պարագայում ռուսական շուկայում աշխատող ընկերությունները պետք է պատրաստ լինեն ցանկացած վայրիվերումների։ Ըստ Արսեն Ղազարյանի՝ մեր պատմական գործընկերային շուկան այսօրվա վիճակով անփոխարինելի է Հայաստանի տնտեսական կառուցվածքի համար, և պետք է փորձել այն պահպանել։ Միաժամանակ ուշադրությունը հարկ է սևեռել եվրոպական և այլ շուկաների ուղղությամբ՝ նոր ժամանակներին, մարտահրավերներին, խնդիրներին դիմակայելու համար։

«Մենք, որպես հասարակական կառույց, փորձելու ենք մեր միջազգային կապերով, համաժողովներով, կոնկրետ երկրների արդյունաբերողների միությունների հետ աշխատանքով, նպաստել այլընտրանքների որոնմանը, նոր շուկաներում հաստատմանը,- նշել է Արսեն Ղազարյանը։

Հայաստան-ԵԱՏՄ-ԵՄ. գլխավորը

Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու պայմանագիրն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 2-ին: Միության կազմում են՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը:

ՀՀ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2026 թվականի I եռամսյակում Հայաստանի ապրանքաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմել է 1,41 միլիարդ դոլար՝ արձանագրելով 15,6% անկում, իսկ Եվրոպական միության հետ՝ 763,2 միլիոն դոլար՝ 54,3% աճով:

2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Եվրոպական միությանը երկրի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին: Ապրիլի 4-ին փաստաթուղթը ստորագրել է նախագահը:

2025 թվականի դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կողմերը հաստատել են Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը: Երևանում հայտարարել են, որ խոսքը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարական բարեփոխումներին և տնտեսական դիմակայունությանն աջակցելու մասին է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը շարժվում է դեպի ԵՄ չափանիշներ, սակայն առայժմ պահպանում է անդամակցությունը ԵԱՏՄ-ին: Եթե երկու ուղղությունների համատեղումն անհնար դառնա, հետագա ընտրությունը կկատարեն երկրի քաղաքացիները:

2026 թվականի մայիսի 4-ին Երևանում անցկացվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Դրան մասնակցել են ԵՄ երկրների, եվրոպական այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Գագաթնաժողովի հիմնական թեման ձևակերպված էր որպես «Կառուցում ենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում»:

Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ «քաղաքակիրթ ամուսնալուծության համար»: