Հայաստանում բացվել է #Գործարա® բիզնեսի զարգացման հարթակը
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում գործարարությանը աջակցող մի շարք կառույցներ ՀՀ բիզնես միջավայրը զարգացնելու նպատակով հանդես են եկել #Գործարա® Բիզնեսի զարգացման հարթակը հիմնադրելու նախաձեռնությամբ: Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում ասաց Հայաստանում ձեռնարկատիրության աջակցության գրասենյակի ղեկավար, ավագ խորհրդատու Գևորգ Պողոսյանը:
Հարթակը գործարկվել է Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի, Բիզնեսի աջակցման կենտրոնի, Մակիչյան քնսալթինգի հետ համատեղ ջանքերով:
Հարթակը աննախադեպ է իր ձևաչափով. այն կներառի թե՛ բիզնեսից բիզնեսին տրամադրվող նոր հնարավորություններ, թե՛ զարգացող բիզնեսների համար մենթորների աջակցություն և վարպետության դասեր, և, ընդհանուր առմամբ, նախատեսված է ներկա և ապագա գործարարների համար, ովքեր պատրաստ են իրենց ներդրումով, փորձով, գիտելիքներով և խորհրդատվությամբ օգնել Հայաստանում բիզնեսի կայացմանը և կայուն զարգացմանը։
Գևորգ Պողոսյանը նշեց, որ բիզնես հարթակը բաղկացած է 4 սեգմենտից: Առաջին հերթին, դա քննարկումների հարթակն է: Այդ հարթակը հնարավորություն է տալիս ծանոթանալու Հայաստանում առկա բիզնեսի զարգացումներին և միտումներին,ինչպես նաև առկա խնդիրների և դրանց լուծումներին։
Հարթակի երկրորդ մասն է բիզնեսի հմտությունները: Բիզնեսի տարբեր ոլորտի կայացած մասնագետներ, ինչպես սկսնակ, այնպես էլ շուկայում արդեն ճանաչում ձեռք բերված, կկիսվեն իրենք հմություններով, թե ինչպես հասնել հաջողության, հաղթահարելով խոչընդոտները և լուծումներ գտնել և զարգանալ։
Մյուս մասն է մենթորների աջակցությունը: Ըստ Պողոսյանի, մենթորները, ովքեր Հայաստանի բիզնես միջավայրում հեղինակություն և փորձ ունեցող գործարարներ են, կընտրեն մի քանի գործող բիզնես, ում կաջակցեն 1 տարվա ընթացքում:
«Վերջին մասն է` բիզնեսի վարպետները, ովքեր կպատասխանեն բիզնես ոլորտին վերաբերող հարցերին, կտան խորհուրդներ կոնկրետ ոլորտի վերաբերող խնդիրներին», - ասաց Պողոսյանը:-0-