Рейтинг@Mail.ru
USD
377.7
EUR
445.38
RUB
4.9058
GEL
140.39
2026 թ. փետրվարի 9, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Երևանում առաջին անգամ իրականացվել է կամրջային կառուցվածքների անձնագրավորում

Այսօր, 13:32
Գույքագրվել են 250 կամրջային կառուցվածքներ, որոնց համար տրվել են կառուցման, վերակառուցման և  ուժեղացման մասնագիտական եզրակացություններ
Երևանում առաջին անգամ իրականացվել է կամրջային կառուցվածքների անձնագրավորում

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Երևանում առաջին անգամ իրականացվել է կամրջային կառուցվածքների անձնագրավորում։

2025 թվականին իրականացվել է Երևան քաղաքի վարչական տարածքում տեղակայված կամրջային կառուցվածքների տեխնիկական վիճակի ուսումնասիրություն, սեյսմիկ վիճակի գնահատում և առաջին անգամ՝ անձնագրավորում։ 

Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավորական խորհրդակցության ժամանակ հայտնել է Շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։ 

Նա հայտնել է, որ գույքագրվել են 250 կամրջային կառուցվածքներ, որոնց համար տրվել են կառուցման, վերակառուցման և ուժեղացման մասնագիտական եզրակացություններ, իսկ անձնագրավորման շրջանակներում ներկայացվել է յուրաքանչյուր օբյեկտի տեղադիրքը տարածության մեջ, տեխնիկական վիճակը, կառուցվածքը և ընդհանուր այլ տեղեկատվություններ։ 

Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն իր հերթին նշեց, որ յուրաքանչյուր օբյեկտ բնութագրվում է 30-40 ցուցանիշով, իսկ բարդ կառույցները (օրինակ՝ Հաղթանակի, Դավիթաշենի կամուրջները)՝ մինչև 70 ցուցանիշով։ 

«Սա միայն սառը գույքագրում չէ։ Այս գույքագրման հիման վրա կատարված տեխնիկական եզրակացության արդյունքում Երևանի քաղաքապետարանին ներկայացվել է ըստ հերթականության ռիսկայնության կամրջային օբյեկտների դասակարգումը, որոնք ունեն հիմնանորոգման, վերանորոգման, վերակառուցման, ամրացման կարիք», - նշեց Արեյանը։ 

Նրա խոսքով՝ սա կարևոր է հետագա ռազմավարական, տարեկան աշխատանքային ծրագրերը կազմելու համար։ 

Արեյանը տեղեկացրեց, որ ամբողջ տեղեկատվությունը նախատեսվում է տեղադրել «Թվային Երևան» հարթակում, որպեսզի այն լինի մշտապես կիրառելի։ 

Թևոսյանն էլ նշեց, որ Կիևյան կամրջի մասով աշխատանքները պլանավորվում է իրականացնել ամառային արձակուրդների շրջանում՝ հավաստիացնելով, որ այս պահին կամուրջը սեյսմիկ տեսանկյունից ապահով է։