«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածել Բյուրեղավանում խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հայտարարություն է տարածել Բյուրեղավան համայնքի խմելու ջրի վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ։
Ընկերությունից տեղեկացնում են, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Աբովյանի» լաբորատորիայի կողմից Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս և Արզնի գյուղերի մի շարք հասցեներից, ինչպես նաև օրվա կարգավորիչ ջրամբարից իրականացվել են խմելու ջրի նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։
«Այս պահի դրությամբ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում ընկերությունը չի հայտնաբերել», - նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ կատարված քիմիական հետազոտությունների` ներառյալ մնացորդային քլորի չափումները ցույց են տվել, որ դրանք նորմայի սահմաններում են, իսկ վարակազերծման աշխատանքներն ընկերության կողմից իրականացվել և իրականացվում են պատշած կերպով։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։ Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։ Ինչպես հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։ Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք։