«Jazz for Peace»․ երաժշտության միջոցով խաղաղության և մշակութային երկխոսության ուղերձ
ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Լեգենդար ջազ երաժիշտ Գարի Կեսայանի «60 տարի բեմում» հոբելյանական համերգը տեղի կունենա ապրիլի 25-ին՝ Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում։
Հատուկ այս առիթով Երևանում կհավաքվեն միջազգային ճանաչում ունեցող ջազ երաժիշտներ։ Բեմում Գարի Կեսայանի հետ ելույթ կունենան ջազ վոկալիստ Հելեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիթը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կառլ Վինսենտը և հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը։
Համերգային ծրագիրը կներառի ջազի տարբեր ոճեր և ժամանակաշրջաններ՝ միավորելով ինչպես դասական դարձած համաշխարհային հիթեր, այնպես էլ Գարի Կեսայանի հեղինակային ստեղծագործությունները։ Վերջինս ոչ միայն դաշնակահար և կոմպոզիտոր է, այլև հայաստանյան ջազային կյանքի առանցքային դեմքերից մեկը։
Նախագիծն իրականացվում է «Jazz for Peace» կարգախոսով՝ նպատակ ունենալով երաժշտության միջոցով խթանել խաղաղության, մշակութային երկխոսության և փոխըմբռնման արժեքները։
«Ավելի քան երկու տասնամյակ մեր ընկերությունները հետևողականորեն աջակցում են Հայաստանում ջազ մշակույթի զարգացմանը՝ նպաստելով միջազգային հեղինակություն ունեցող երաժիշտների ներգրավմանը։ «Jazz for Peace» նախաձեռնությունը միավորում է ոչ միայն արվեստագետներին, այլև տարբեր ոլորտների ներկայացուցիչներին՝ հանուն կարևոր գաղափարների», — նշել է Ռոման Խուդոլին՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը։
Նախաձեռնությանը մասնակցում են ընկերությունների ղեկավար կազմը և աշխատակիցները, գործընկերները, ինչպես նաև պետական կառույցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։
Համերգն անցկացվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի և «ԳՊՄ Գոլդ» ՍՊԸ-ի աջակցությամբ։