Սա դատավճիռ է ողջ հայ ժողովրդի դեմ. Ռուբեն Վարդանյանի ընտանիքի արձագանքը Բաքվի դատարանի որոշմանը
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Բաքվի դատարանը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել՝ կապված Բաքվի դատարանում նրա նկատմամբ կայացրած դատավճռի հետ։
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը հրապարակում է հայտարարությունն ամբողջությամբ։
«Այսօր իմացանք, որ Ռուբեն Վարդանյանը՝ սիրելի ամուսին, հայր, եղբայր և պապ, դատապարտվել է քսան տարվա ազատազրկման։
Ադրբեջանի ռազմական դատարանի վճիռը սարսափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի։ Դեռևս 874 օր առաջ՝ նրա ապօրինի ձերբակալությունից սկսած, ակնհայտ էր, որ այս գործընթացի արդյունքը կանխորոշված էր։ Այս ընթացքում նրա դեմ առաջադրված մեղադրանքներից և ոչ մեկը հիմնավորող որևէ ապացույց այդպես էլ չի ներկայացվել։
Ռուբենը զրկված է եղել արդար դատաքննության հիմնարար երաշխիքներից, այդ թվում՝ իրավական պաշտպանության, միջազգային փաստաբանի հետ կապվելու հնարավորությունից, դատավարությանն անկախ լրատվամիջոցների մասնակցությունից:
Լսումներն անցկացվել են փակ դռների հետևում և այնպիսի պայմաններում, որոնք անհամատեղելի են միջազգային իրավունքով և, նույնիսկ ադրբեջանական օրենքներով, արդար դատաքննության չափանիշների հետ։ Չնայած Ռուբենի՝ որպես հումանիստի, բարեգործի և սոցիալական ձեռներեցի հեղինակությունը վարկաբեկելու փորձերին, կառավարությունների, քաղաքացիական հասարակության առաջնորդների և միջազգային մասնագետների աջակցությունն ուժ և հույս են հաղորդում մեր ընտանիքին։
Բոլոր նրանք, ովքեր անձամբ ճանաչում են Ռուբենին կամ նրա հետ առնչություն են ունեցել, հասկանում են նրա դեմ առաջադրված մեղադրանքների անհեթեթությունն ու անհիմն լինելը։ Սա պարզապես Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դատավարություն չէ. սա նման է դատավճռի հայ ժողովրդի դեմ՝ որպես ամբողջություն։ Մենք շարունակելու ենք նրա և մյուս հայ բանտարկյալների ազատ արձակմանն ուղղված մեր ջանքերը։ Կոչ ենք անում միջազգային առաջնորդներին, միջազգային իրավունքին համահունչ, ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցները նրանց ազատությունն ապահովելու և իրավունքները պաշտպանելու համար»,-ասվում է հայտարարության տեքստում։
Բաքվի հայ գերիների մասին
Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է, որ իր մոտ պահվում են ընդամենը 33 հայ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք, սակայն հայ իրավապաշտպանները պնդում են, որ կան ևս 80 հայ գերիներ։ Ադրբեջանում ձերբակալված են Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Արայիկ Հարությունյանը, խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի նախկին օգնական Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և Արցախի Պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը։
Նշենք, որ հունվարի 14-ին Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Ադրբեջանից տեղափոխվել են Հայաստան