Рейтинг@Mail.ru
USD
368.05
EUR
428.34
RUB
5.1797
GEL
137.83
2026 թ. մայիսի 27, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+17

Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարը նախաստորագրել են TRIPP ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը

Երեկ, 16:54
Կողմերը նաև ստորագրեցին ՀՀ և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև երկու երկրների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը
Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղարը նախաստորագրել են TRIPP ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախաստորագրեցին «ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը:

Կողմերը նաև ստորագրել են ՀՀ և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, ինչպես նաև երկու երկրների միջև կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագիրը։

Արարողությունից հետո Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական գործընկերությունը բարձրացրել են նոր մակարդակի՝ այն վերանվանելով համապարփակ ռազմավարական գործընկերություն։

«Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր ավելի ամուր են, քան երբևէ։ Մենք անցել ենք աննախադեպ փուլի՝ հաշվի առնելով մեր օրակարգի զարգացումները։ Բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այսօր և կիրագործվեն «գետնի վրա», շահեկան են Հայաստանին և աննախադեպ հնարավորություններ կբացեն մեր երկրի համար»,- հայտարարել է Միրզոյանը։

Իր հերթին Ռուբիոն հայտարարել է, որ TRIPP-ի վերաբերյալ համաձայնագիրը ճանապարհ է դեպի խաղաղություն և բարգավաճում Հայաստանում ու տարածաշրջանում։

«Այս համաձայնագիրը ամենամեծ քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ։ Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհ է», - նշել է նա Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով։

«Մենք նաև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն ենք ստորագրել, որը մեր երկկողմ հարաբերությունների շրջանակն է սահմանում, նոր ուղի է նախանշում, որից օգուտներ կստանան թե՛ հայերը, թե՛ ամերիկացիները», - նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նրա խոսքով` կողմերն իրականացնում են այն հիմնարար աշխատանքերը, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերը և ամերիկացիները կարողանան տնտեսական հիմքեր ունենալ միասին աշխատելու։

TRIPP նախագծի մասին

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի միջև և ամրագրվել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով։

Դեկտեմբերի 10-ին Փաշինյանը հայտարարել է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհների, նավթամուղների ու գազամուղների, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների զարգացման իրավունքը կստանա հայ-ամերիկյան «TRIPP Company» համատեղ ձեռնարկությունը, որը կգրանցվի Հայաստանում։ Իրականացման և շինարարության փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականին։