Ընդդիմությունը նախատեսում է կազմակերպել համահայկական գործադուլ և դասադուլ
ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն այսօր հանրահավաքի ժամանակ հրապարակել են իրենց հետագա պլանները։ ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանն իր ելույթւոմ կոչ է արել համաքաղաքացիներին աջակցել համահայկական գործադուլին, որը նախատեսված է երեքշաբթի։
«Երեքշաբթի ժամը 12։00–ին հավաքվում ենք Հանրապետության Հրապարակում` հանրահավաքի, դրան զուգահեռ կարգելափակենք կառավարության և մյուս նախարարությունների շենքերը։ Այս կառավարության գործողությունները չարիք են բերում, այս կառավարության գործողությունները հակապետական են, հակաժողովրդական և չեն բխում մեր ժողովրդի շահերից», – հայտարարեց Սաղաթելյանը։
«Հայտարարում ենք համահայկական գործադուլ, դասադուլ և անհնազանդության ակցիաներ Հայաստանի ողջ տարածքում» ,– ասաց Սաղաթելյանը։
ՀՅԴ ներկայացուցիչը կոչ արեց քաղաքացիներին ոտքի կանգնել, վերականգնել ազգային արժանապատվությունը, ստեղծել բարգավաճ Հայրենիք։
Նա նաև հայտարարեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգտագործեց սգո օրերը հանուն իր քաղաքական շահի։
«Այսօր նա (Փաշինյանը, խմբգր.) պղծեց Եռաբլուրը, նա կրկին երկիրը տանում է ցնցումների», – զգուշացրեց Սաղաթելյանը։
Այսօր ավելի վաղ Եռաբլրի մուտքի մոտ Արցախում զոհված զինծառայողների բազմաթիվ հարազատներ փորձեցին թույլ չտալ, որպեսզի վարչապետը մուտք գործի պանթեոն, սակայն մի քանի բախումներից հետո ոստիկաններին հաջողվեց հետ մղել նրանց և ճանապարհ բացել Փաշինյանի համար։ Պանթեոնի մոտ հավաքվածները փորձում էին ձեռքի տակ եղած իրերը նետել Փաշինյանի ուղղությամբ։
Փաշինյանը ծաղիկներ դրեց զինծառայողների շիրիմներին, մոտեցավ սգացող հարազատներին, զրուցեց նրանց հետ` փորձելով հանգստացնել լացող մայրերին։–0–