Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի աճ և դա իրականություն է. Փաշինյան

26.04.2019, 12:30
Հայաստանում ստվերից դուրս է եկել և/կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ:
Հայաստանում գրանցվել է աշխատատեղերի աճ և դա իրականություն է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ստվերից դուրս է եկել և/կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ: Այդ մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հատկապես երբ այդ թիվը ես հրապարակեցի ԵԽԽՎ-ի ամբիոնից, հրապարակային բազմաթիվ հայտարարություններ հնչեցին այն կապակցության, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը: Եվ նույնիսկ երբ Պետական եկամուտների կոմիտեն այդ վերաբերյալ հանդես եկավ պարզաբանումներով, շարունակում էին այդպիսի հարցադրումներ հնչել, և ես ուղղակի տեղեկանք էի հանձնարարել, որ պատրաստեն, որպեսզի մենք տեսնենք, թե կոնկրետ, որ ոլորտներում են այդ աշխատատեղերը բացահայտվել: Առաջին վարկածն այն է, որ դրանք ստվերային աշխատատեղեր են եղել և հեղափոխությունից հետո ստվերից դուրս են եկել: Բայց, իհարկե, այստեղ կան նաև նոր ստեղծված աշխատատեղեր, այդ թվի տարբերակումն ավելի խորը վերլուծության գործ է, բայց այս նրբություններն այս պահին էական չեն: Էականն այն է, որ 2019 թվականի հունվարին, 2018 թվականի հունվարի համեմատ, 50.141-ից ավելի աշխատատեղ է գրանցվել ՀՀ-ում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ մեծածախ և մանրածախ առևտրի, մեքենաների և մոտոցիկլների նորոգման ոլորտում 2019-ի հունվարին, 2018-ի համեմատությամբ, 16 հազար 427 աշխատատեղի աճ կա, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 9500 աշխատատեղի, հանրային սննդի կազմակերպման ոլորտում՝ 8334 տեղի աճ, սպասարկման այլ ծառայություններում՝ 5774 տեղի աճ, տեղեկատվության ոլորտում՝ 2600 տեղի աճ:

«Այս թվերը չեն կարող իրական չլինել, որովհետև դրանք ձևավորվել են ձեռնարկությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա: Այսինքն՝ ոչ թե մենք ենք հայտնաբերել, այլ մարդիկ ներկայացրել են իրենց աշխատողների թիվը», - ասաց նա:

Վերջում նա նշեց, որ 2019 թ.-ի հունվարին ՀՀ-ում ընդհանուր առմամբ արձանագրվել է 562 043 աշխատատեղ՝ 2018 թվականին՝ 511 902 փոխարեն։ 2019 թվականի հունվարին, նախորդ տարվա հունվարի համեմատ, գրանցվել է աշխատատեղերի աճ՝ 50 141-ով:-0-