Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

Նախկին փոխվարչապետը նշել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճի գործոնները (ՎԻԴԵՈ)

02.11.2023, 12:58
Գաբրիելյանի խոսքով, 2022թ․–ին ՀՀ–ում գրանցված երկնիշ տնտեսական աճը ՀՀ–ի տնտեսական ներուժից ավելի բարձր էր․ ՎԻԴԵՈ
Նախկին փոխվարչապետը նշել է Հայաստանի երկնիշ տնտեսական աճի գործոնները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2022թ․–ին ՀՀ–ում գրանցված երկնիշ տնտեսական աճը ՀՀ–ի տնտեսական ներուժից ավելի բարձր էր։

Այս մասին «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում հայտարարեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանն՝ ավելացնելով, որ նա ևս նշել էր, որ երկնիշ տնտեսական աճը ՀՀ–ի տնտեսական ներուժից ավելի բարձր է, և այդ ներուժի գնահատականը միայն իրենը չէր։

«Դա հենց նույն ՀՀ կառավարության գնահատականն էր, որը 2021թ․–ի պետբյուջեի նախագծում ներուժը գնահատել էր շուրջ 5 տոկոս և նաև նախատեսել էր, որ առավել ջանքերի պարագայում հնարավոր է ավելի բարձր, լինում էր 7 տոկոս թիրախային գնահատմամբ», – ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով, 2022թ․–ի ռուս–ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանում գրանցվեց աննախադեպ հոսք թե մարդկանց, թե կապիտալի և թե որոշակի ծառայությունների։

«Այդ ամենի հետևանքով մենք ունեցանք տնտեսական աճ, որը այլ հավասար պայմաններում չէր կարող լինել։ Դա, այսպես ասած, էնդոգեն կամ ներծին տնտեսական գործոններով չէին պայմանավորված։ Այնպես չէր, որ մենք մինչ այդ կատարել էինք մեծ ներդրումներ, և դրանք հիմա սկսեցին գործարկվել, այնպես չէր, որ մեր արտադրողականությունը հանկարծ սկսեց շեշտակի բարձրանալ։ Դա հիմնական այն հոսքերի հաշվին էր, որոնք տեղի ունեցան ՌԴ–ից», – ասաց նախկին փոխվարչապետը։

Գաբրիելյանը բերեց նաև նախկին ԽՍՀՄ երկրների վրա տեղի ունեցած ազդեցությունները։

«Նմանատիպ հոսք, ազդեցություն կար նաև նախկին ԽՍՀՄ երկրներում՝ կապված նրա հետ, թե ինչպիսին էին այդ երկրների ենթակառուցվածքները՝ ծառայություններ առաջարկելու տեսակետից։ Եթե մենք խոսում ենք ֆինանսական ծառայությունների և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին, Միջին Ասիայի Հանրապետություններում չկա նմանատիպ ենթակառուցվածք, որը տասնամյակներ շարունակ ձևավորվել էր Հայաստանում», – ընդգծեց Գաբրիելյանը։

Նա շեշտադրեց նաև Հայաստանի տնտեսության աճելու պոտենցիալը՝ հավելելով, որ եթե 2020թ․–ի անկումից հետո մյուս երկրները վերականգնվել էին 2021թ․–ին, Հայաստանում դեռ չէր լուծվեն վերականգնվելու պոտենցիալի խնդիրը։

«Այդ առումով, բնականաբար, կար տնտեսական ներքին ռեսուրս, սակայն որևէ կերպ դա չէր ենթադրում երկնիշ տնտեսական աճ առանց արտաքին գործոնների, որոնք կապված էին հիմնականում Ռուսաստանի հետ», – պարզաբանեց Գաբրիելյանը։

ՀՆԱ-ի աճի ցուցանիշներ և կանխատեսումներ

Հայաստանում ՀՆԱ-ի իրական աճը 2021 թվականի վերջին, 2020 թվականի համեմատ, կազմել է 5,7%, իսկ անվանական աճը՝ մոտ 13%։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4680 դոլար, մինչդեռ 2020 թվականին այդ ցուցանիշը կազմել է 4269 դոլար, իսկ 2019 թվականին՝ 4597 դոլար։ 

2022 թվականին Հայաստանի տնտեսությունն աճել է 12,6 տոկոսով. Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն 2021 թվականին 4679 դոլարից հասել է 6569 դոլարի։ 

2023 թվականի պետական ​​բյուջեով Հայաստանի տնտեսական աճը նախատեսված է 7 տոկոսի սահմաններում։ Կենտրոնական բանկի վերջին կանխատեսմամբ՝ այս տարի Հայաստանի տնտեսությունը կաճի 7,2 տոկոսով։ 

2024 թվականի պետբյուջեում տնտեսական աճի տեմպերը սահմանվել են 7 տոկոս, Կենտրոնական բանկն ակնկալում է ՀՆԱ-ի 5,6 տոկոս աճ։ -0-