Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.27
RUB
4.7664
GEL
141.62
2025 թ. դեկտեմբերի 19, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

ԵՄ-ն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

09.08.2025, 11:51
ԵՄ-ն ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած հանդիպումը՝  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև
ԵՄ-ն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Եվրոպական Միությունը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման արդյունքները: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել են Եվրոպական Խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարները։

«ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրումը։ԱՄՆ նախագահ Թրամփի ներկայությամբ Սպիտակ տանը վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի կողմից քաղաքական հռչակագրի ստորագրումը կարևոր ձեռքբերում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար, երկարաժամկետ, կայուն խաղաղության ճանապարհ է հարթում՝ ինչպես երկու երկրների, այնպես էլ ողջ տարածաշրջանի համար, և միաժամանակ ամփոփում է ԵՄ բազմամյա ջանքերը»,- ասվում է Եվրոպական Խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Բրյուսելում շաբաթ երեկոյան։

Նրանց խոսքով, այսուհետ կարևոր կլինի ապահովել համաձայնեցված քայլերի ժամանակին իրականացումը՝ նպատակ ունենալով երաշխավորել կայուն և անխափան առաջընթաց՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք նորմալացման ուղղությամբ։

«ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և պատրաստ է ներդրումներ կատարել տարածաշրջանային հաղորդակցության լիակատար գործարկման ուղղությամբ՝ նախևառաջ օգուտ բերելու հակամարտության ժառանգությամբ բաժանված բնակչությանը և տարածաշրջանն ավելի մոտեցնելու կայուն խաղաղությանը, կայունությանը և բարօրությանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Վաշինգտոնում օգոստոսի 8–ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ–ի նախագահների հանդիպման արդյունքում ստորագրվել է հռչակագիր։

Հռչակագիրը բաղկացած է 7 կետից, որոնք, մասնավորապես, ազդարարում են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախաստորագրում Կողմերի արտաքին գործերի նախարարների կողմից, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների կողմից Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանն (ԵԱՀԿ) ուղղված՝ ԵԱՀԿ Մինսկի գործընթացի և կից կառուցակարգերի լուծարման վերաբերյալ համատեղ դիմումի ստորագրում, ջանքերի գործադրում, որոնք կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով․ Հայաստանի Հանրապետության կողմից աշխատանք Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։