Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-5

ԱԱԾ. Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մեծ քանակի ռազմամթերք, որը կարող է կապ ունենալ զինված խմբի հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

05.08.2016, 14:19
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք, որը կարող է կապ ունենալ ՊՊԾ գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ։
ԱԱԾ. Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մեծ քանակի ռազմամթերք, որը կարող է կապ ունենալ զինված խմբի հետ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք, որը կարող է կապ ունենալ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ։

Ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի կապակցությամբ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակում իրականացված քննչական գործողությունների, այդ թվում, խուզարկությունների արդյունքում, Երևան քաղաքի բնակիչ Գ.Ս.-ի բնակարանում հայտնաբերվել է մեծ քանակությամբ ռազմամթերք, հաղորդում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

ԱԱԾ հաղորդագրության համաձայն, մասնավորապես, առգրավվել և փորձաքննության են ուղարկվել շուրջ 6000 հատ փամփուշտ, 15 հատ նռնակ, նռնակի ճայթիչներ, տրոտիլ պայթուցիկ նյութեր, կապսուլ-դետոնատորներ, ազդանշանային հրթիռներ, ինքնաձիգի լիցքավորված փամփշտակալներ, հակատանկային ականանետ, ռադիոկապի միջոց, ականորսիչ և այլն: Ձերբակալվել է երկու անձ:

«Ստացված դատավարական և օպերատիվ տվյալների համաձայն՝ հայտնաբերված ռազմամթերքը կարող է առնչություն ունենալ ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը զավթած զինված խմբի հանցավոր գործունեության հետ: Նախաքննության ընթացքում ստուգվում են ինչպես այս, այնպես էլ հավանական այլ վարկածները», -  նշվում է հաղորդագրության մեջ: -0-