Նախարարությունը գործատուներին փոխհատուցում կտրամադրի հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների աշխատանքի տեղավորման համար
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է հաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների զբաղվածության ապահովման ծրագիր։ Նախագիծը հինգշաբթի կառավարության նիստում ներկայացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
«Նախագծով առաջարկում ենք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձանց, և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց համար զբաղվածության նոր ծրագիր», - ասաց Թորոսյանը։
Նա նշեց, որ ծրագրի իրականացումը կնպաստի նրանց ակտիվ ներգրավվածությանը հասարակական և տնտեսական կյանքում` ապահովելով արժանապատիվ ինքնաիրացում, լրացուցիչ եկամուտների ձևավորում և սոցիալական ակտիվության բարձրացում։
Ծրագրի անհրաշեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 63-ից բարձր և հաշմանդամություն ունեցող բազմաթիվ քաղաքացիներ շարունակում են ունենալ մասնագիտական բարձր ներուժ:
Ո՞վ կկարողանա աջակցություն ստանալ
Նախագծի համաձայն՝ պետական աջակցություն կտրամադրվի այն գործատուներին, որոնք աշխատանքային պայմանագիր կկնքեն հաշմանդամություն ունեցող անձի կամ 63 տարեկանից բարձր քաղաքացու հետ՝ առնվազն 3-6 ամիս ժամկետով:
Բացառություններ կլինեն հանրային ծառայություն իրականացնող մարմինները` այսինքն պետական մարմինները։
Աշխատանքը կարող է լինել լրիվ կամ կես դրույքով:
Ի՞նչ վճարումներ են նախատեսվում
Գործատուներին առաջարկվում է եռամսյակային հիմունքներով փոխհատուցել աշխատողի աշխատավարձից վճարված եկամտային հարկի մի մասը. աշխատանքի առաջին երեք ամիսների համար՝ եկամտային հարկի գումարի 50%-ը, բայց ոչ ավելի, քան ամսական 25,000 դրամը, իսկ 4-6-րդ ամիսների համար՝ եկամտային հարկի գումարի 100%-ը, բայց ոչ ավելի, քան ամսական 50,000 դրամ:
Եթե փոխհատուցման ժամկետի ավարտից հետո զբաղվածությունը շարունակվի, մեկ տարին լրանալուց հետո գործատուն կստանա միանվագ 100,000 դրամ աջակցություն:
Ծրագրի ֆինանսավորում
Նախատեսվում է ծրագիրը 2027 թ.-ին իրականացնել 200 շահառուի զբաղվածության ապահովման համար, որի դեպքում ֆինանսական միջոցների ծախսը 2027թ.-ին կկազմի շուրջ 45 միլիոն դրամ գումար։
Մասնավորապես, գործատուին տրամադրվող եկամտային հարկի փոխհատուցման չափը 1 անձի համար 6 ամսվա հաշվարկով կկազմի 225 հազար դրամ, իսկ 12 ամիս աշխատանքային հարաբերությունները շարունակվելու դեպքում՝ կտրամադրվի ևս 100 հազար դրամ։
Աշխատանքի նախարարությունը նշում է, որ ծրագրի իրականացումը պետական բյուջեից լրացուցիչ ծախսեր չի պահանջի. ֆինանսավորումը նախատեսվում է ապահովել նախարարության 2027–2029 թվականների բյուջեի սահմաններում միջոցների օպտիմալացման միջոցով: