ՀՀ-ն ծիրանի առաջին արտահանումն է իրականացրել դեպի Ուկրաինա և Վրաստան. նախարար
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ Հունիսի 1-ից մինչև հունիսի 17-ը 411 տոննա ջերմատնային բանջարեղեն և ելակ և շուրջ 1.8 մլն հատ ծաղիկ է արտահանվել։
Այս մասին հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության նիստի ժամանակ։
Աշխարհագրությունը ըստ ծավալների հետևյալն է՝ Վրաստան, Ուզբեկստան, ԱՄԷ, ԻԻՀ, Ուկրաինա, Բուլղարիա, Կիպրոս, Լատվիա, Ռումինիա, Չեխիա, Ավստրիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Բելառուս, Ղազախստան։
Պապոյանի խոսքով, մեկնարկել է նաև ծիրանի արտահանումը։
«162 տոննա ծիրան ենք արտահանել. երեկ առաջին արտահանումներն են եղել՝ Ուկրաինա, Վրաստան»,-ասել է նա։
Հայաստանից ՌԴ արտադրանքի մատակարարումների սահմանափակումների մասին
Ռուսաստանը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակել է Հայաստանից ծագող և առաքվող ողջ կարանտինային ենթակա արտադրանքի ներմուծումը, ինչպես նաև դրա տարանցումը ՌԴ տարածքով դեպի ԵԱՏՄ պետություններ։
Ռոսսելխոզնադզորի կողմից մտցված սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, բանջարեղենը, միրգը, կանաչեղենը և ծաղկային արտադրանքը։ Ավելի վաղ ռուսական կարգավորողները սահմանափակումներ էին մտցրել նաև Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրի և ալկոհոլային արտադրանքի առանձին տեսակների մատակարարումների վրա։
Ռոսսելխոզնադզորում սահմանափակումների պատճառ են անվանել Հայաստանից բուսական ծագման արտադրանքի և ծաղիկների մեջ «կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերումը»։ Նշվում է, որ արգելքը գործելու է մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման կոնկրետ ալգորիթմի մշակումը։